211652_close_icon
views-count4174 դիտում article-date 18:48 17-02-2016

Ջարդված ճամպրուկ, «ընգեր ջան»-ով դիմելաձև. արդյունքում Նիկոլ Փաշինյանը մտածում է` «բաց երկնքի՞, թե՞ բաց ինչի քաղաքականություն»

Պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ռուսական ավիաընկերությունների սպասարկման որակին, երբ արդյունքում իրեն 2 ջարդված ճապրուկ են վերադարձրել, փոխհատուցման համար դիմումը պահանջել են գրել ռուսերենով, դիմել «դու» -ով և «ընգեր ջան»-ով, ինչից նա հետևյալ հռետորական հարցադրումն է արել` «Ու մտածում. կառավարության որդեգրածը բաց երկնքի՞ քաղաքականություն է, թե՞ բաց ինչի»: Ներկայացնում ենք գրությունն ամբողջությամբ. Հունվարի 23-ին Փարիզից Մոսկվայով Երեւան վերադառնալով «Զվարթնոց» օդանավակայանում ճամպրուկս ջարդված վիճակում ստացա: Ի դեպ, վերջին երկու ուղեւորություններս ավարտվել են ջարդված ճամպրուկներով: Աշնանը՝ «Տրանս Աէրո» ընկերությունն էր, հիմա էլ՝ «Աերոֆլոտը»: Այսօր մի ժամ ազատ ժամանակ ունեի, որոշեցի մտնել «Աերոֆլոտի» երեւանյան ներկայացուցչություն՝ ճամպրուկիս փոխհատուցման ետեւից: Այստեղ նախ ասացին, թե ուշացել եմ, եւ պետք է 7 օրվա ընթացքում ներկայանայի: Հարգելի տիկնոջը բացատրեցի, որ ճամպրուկի ջարդվելը իմ համեստ կյանքի ամենակարեւոր իրադարձությունը չէ, եւ չէի կարող իմ պլանավորված կյանքն ու գործունեությունը փոխել այնպես, որ հանկարծ չուշանամ «Աերոֆլոտի» օֆիսի պաշտոնյայի մոտ ընդունելությունից: Ասաց՝ միեւնույն է, յոթ օրն անցել է եւ իմ դիմումը կմերժեն: Ասացի, ոչինչ, ես կգրեմ: Ինձ տվեց ռուսերեն դիմում գրելու ձեւ: Ասում եմ՝ ինչու՞ է ռուսերեն: Ասում է՝ կարող եք նաեւ անգլերեն գրել: Ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում պետական լեզու գոյություն ունի ու հիմա մենք կարծես թե Հայաստանի Հանրապետությունում ենք: Կամ՝ ենթադրենք, ես ոչ ռուսերեն գիտեմ, ոչ անգլերեն:Ասում է՝ դիմումը պիտի տանեք թարգմանել տաք: Բացատրություն եմ ակնկալում մի մարդուց, ով ակնհայտորեն պաշտոնյա է ներկայացուցչությունում: Վերջինս ինձ հետ խոսում է «ընգեր ջան»-ով եւ «դու»-ով: Ի վերջո՝ վերցնում եմ դիմումի ռուսերեն ձեւաթուղթը, այն լրացնում հայերեն, ու հանձնում: Ու մտածում. կառավարության որդեգրածը բաց երկնքի՞ քաղաքականություն է, թե՞ բաց ինչի:

Նմանատիպ նյութեր