Ամերիկյան ֆուտբոլի եզրափակիչ հանդիպումը ռեկորդային հեռուստալսարան է արձանագրել. տեսանյութ
ԱՄՆ-ի ամերիկյան ֆուտբոլի Ազգային ֆուտբոլային լիգայի (NFL) եզրափակիչ հանդիպումը` 2016 թվականի Սուպերբուլը, հեռուստատեսային լսարանի նոր ռեկորդ է սահմանել:
Հոբելյանական 50-րդ Սուպերբոուլը դիտել է 167 միլիոն մարդ: Դրա շնորհիվ Սուպերբոուլ-2016-ը դարձել է ամերիկյան հեռուստատեսության պատմության ամենամեծ լսարան ունեցած հաղորդումը: Ընդ որում, հաշվարկները կատարելիս հաշվել են միայն հեռուստադիտումները` առանց ինտերնետի և սմարտֆոնների դիտումների:
Նախորդ հեռուստատեսային ռեկորդը գրանցվել էր 2013թ.` «Բալթիմոր»-«Սան Ֆրանցիսկո» հանդիպման ժամանակ` 164,1 միլիոն հանդիսական:
Նշենք, որ 2016թ. NFL-ի չեմպիոն հռչակվեց «Դենվեր Բրոնքոսը», որը եզրափակիչում «Կարոլինա Պանտերսին» հաղթեց 24:10: Իսկ խաղից առաջ ԱՄՆ-ի հիմնը կատարել է Լեդի Գագան, իսկ ընդմիջմանը հանդես են եկել Coldplay-ը, Բեյոնսեն, Բրունո Մարսն ու Մարկ Ռոնսոնը: