211652_close_icon
views-count2298 դիտում article-date 16:09 09-02-2016

Ավանդույթի համաձայն՝ հայ մեծանուն քնարերգուի արվեստի բազմաթիվ գնահատողներ Կոմիտասի անվան պանթեոնում հարգեցին Տերյանի հիշատակը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր հայ անվանի պոետ, մեծ ոգու տեր մարդու՝ Վահան Տերյանի ծննդյան օրն է: Ավանդույթի համաձայն այս տարի ևս մեծանուն քնարերգուի արվեստի բազմաթիվ գնահատողները Կոմիտասի անվան պանթեոնում հարգեցին նրա հիշատակը: Վ. Տերյանի անվան հետ է կապվում հայ պոեզիայի զարգացման պատմության նոր փուլերից մեկը: «Նա հայ պոեզիան հարստացրեց արևմտաեվրոպական և ռուսական պոեզիայի վերջին նվաճումներով, իր ստեղծագործություններում արծարծեց թեմաներ, որոնք խորթ էին հայ բանաստեղծներին, նոր ռիթմ մտցրեց հայկական տաղաչափության մեջ, բացառիկ խստությամբ մոտեցավ բանաստեղծական արվեստին»,- այսպես է բնորոշել Վ. Տերյանին Վալերի Բրյուսովը: Վ. Տերյանը ծնվել է Ախալքալաքի գեղեցիկ բնաշխարհով Գանձա գյուղում՝ գյուղի հոգևորական Սուքիաս Տեր-Գրիգորյանի ընտանիքում: Պոետի մանկության տարիներն անցել են հայրենի գյուղում: Ավարտելով գյուղի դպրոցը՝ Տերյանը 1897թ-ին մեկնում է Թիֆլիս, ուր սովորում էին այդ ժամանակ իր ավագ եղբայրները։ Եղբայրների մոտ ապագա բանաստեղծը սովորում է ռուսերեն ու պատրաստվում է ընդունվել Մոսկվայի Լազարյան ճեմարան։ 1899թ Տերյանը ընդունվում է Լազարյան ճեմարան: Ավարտելով ճեմարանը՝ 1906 թվականին՝ Վ. Տերյանն ընդունվում է Մոսկվայի համալսարան, որից կարճ ժամանակ հետո ձերբակալվում է հեղափոխական գործունեության համար: Նրան տեղափոխում են Մոսկվայի Բուտիրկա բանտը։ 1908 թվականին Թիֆլիսում լույս է տեսնում Տերյանի ստեղծագործությունների “Մթնշաղի անուրջներ” ժողովածուն, որը շատ ջերմ է ընդունվում թե՛ ընթերցողների, և թե՛ քննադատների կողմից։ 1915 «Մշակ» թերթում հրատարկվում է բանաստեղծի հայրենասիրական բանաստեղծությունների «Երկիր Նաիրի» շարքը։ 1916 թվականին երևում են Վահանի կրծքում բուն դրած թոքախտի նշանները։ Գալիս է Կովկաս՝ բժշկվելու, բայց փետրվարյան հեղափոխությունը դրդում է նրան թողնել բժշկվելը և գնալ Պետերբուրգ։ Խորհրդային իշխանության հաստատման առաջին իսկ օրերից նա դառնում է Ստալինի մոտ աշխատակիցը: 1919 թվականին Տերյանը, լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920 թվականի հունվարի 7-ին՝ 35 տարեկան հասակում։ Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 40+
40+

Նմանատիպ նյութեր