211652_close_icon
views-count7088 դիտում article-date 16:01 08-02-2016

Եթե ՌԴ-ն դուրս գա1921թ. Մոսկվայի պայմանագրից, դրան կհետեևեն այլ պրոցեսներ. թուրքագետ

Քանի որ ՌԴ Դումայում մեծամասնությունն իր խոսքը չի ասել 1921 թ. Մոսկվայի պայմանագիրը չեղարկելու վերաբերյալ, դժվար է այս պահին ասել` ՌԴ-ն միակողմանիորեն դուրս կգա՞ դրանից, թե' ոչ, բայց դուրս գալու դեպքում դրան կհետևեն միջազգային իրավունքով նախատեսված գործընթացներ: Սակայն այս պահին դեռ վաղ է խոսել: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ին հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը` անդրադառնալով նրան, որ ՌԴ Պետդումայի պատգամավորներ Վալերի Ռաշկինն ու Սերգեյ Օբուխովը նամակ են հղել Ռուսաստանի նախագահին ու արտգործնախարարին և առաջարկել չեղարկել Մոսկվայի /կամ Կարսի/ 1921-ի մարտի 16-ի ռուս-թուրքական բարեկամության ու եղբայրության մասին պայմանագիրը` այն հիմնավորմամբ, որ Վրաստանն ու Հայաստանը չեն ճանաչում պայմանագրի պայմանները՝ դա անարդարացի համարելով: «Իսկ ինչ վերաբերում է, որ եթե ինչ-որ տերություն չի ճանաչում այս կամ այն պայմանագիրը, ապա կարող ենք ասել, որ Հայաստանը և Վրաստանը այդ պայմանագրի ստորագրման ժամանակ լիովին միջազգային իրավունքի սուբյեկտներ չեն եղել»,-ասաց թուրքագետը: Հիշեցնենք, որ 2005-ին Վրաստանը չեղարկել էր Մոսկվայի կամ Կարսի պայմանագիրը, իսկ Հայաստանի Հանրապետությունն էլ ոչ պաշտոնապես հայտարարել է, որ ճանաչում է Մոսկվայի պայմանագիրը, ոչ էլ հակառակը, որ չի ճանաչում, թեպետ ՀՀ քաղաքացիների ոչ մի սերնդի համար այն ընդունելի չի եղել: Հիշեցնենք, որ Ռուսաստանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Թուրքիայի Ազգային մեծ ժողովի միջև կնքված 1921թ.Մոսկվայի պայմանագրով` Ռուսաստանը ճանաչում էր Թուրքիայի ինքնիշխանությունը Ազգային մեծ ուխտի՝ թուրքական ճանաչած բոլոր տարածքների նկատմամբ: Ռուսաստանի արտգործնախարար Գեորգի Չիչերինը, ներկայացնելով Ռուսաստանի դիրքորոշումը, չպնդեց հայ-թուրքական սահմանը Արփաչայից արևմուտք և Արաքսից հարավ անցկացնելու տարբերակը, ինչի հետևանքով Թուրքիային անցան ողջ Կարսի մարզը, Սուրմալուի գավառը, որը երբեք չէր եղել Թուրքիայի կազմում։ Իսկ Թուրքիան իր հերթին հրաժարվում էր Բաթումիից` փոխարենը ստանալով Սուրմալուի գավառը: Թուրքագետը հավելեց, որ այս պայմանագիրը ոչ միայն պատմական առումով չի համապատասխանում կոնկրետ պատմական իրողություններին, այլ իրավական առումով այս բավականին խոցելի է. «Եվ նաև վերջին զարգացումները ցույց տվեցին, որ այդ պայմանագրերի անվանումն անգամ` Ռուս-թուրքական բարեկամության, կեղծ է և նման բարեկամություն չի կարող գոյություն ունենալ»: Ռ. Մելքոնյանը կարծում է, որ նախաձեռնությունն ի հայտ է եկել ռուս-թուրքական ներկայիս լարված հարաբերությունների համատեքստում, քանի որ ՌԴ-ն գործի է դնում իր քաղաքական զինանոցում եղած տարրերից մեկը:

Նմանատիպ նյութեր