Քաղաքացուց պահանջել են վճարել 170 հազար դրամ. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Թերթը երեկ ահազանգ է ստացել, որ գրիպից առաջացած բարդությունների պատճառով հոսպիտալացված հիվանդներից պահանջում են վճարել բուժման համար։ Այնինչ այս ամսվա ընթացքում քանիցս հայտարարվել է, որ դա պետք է լինի անվճար։
Առողջապահության նախարարությունը, որն ամեն կերպ փորձում Էր կանխել հանրապետությունում մոլեգնող մահաբեր H1N1 վարակի Էլ ավելի տարածումը, վերջին անգամ հունվարի 14-ին Էր հայտարարել, որ գրիպի հետևանքով անհրաժեշտ ստացիոնար բուժումը բոլոր սոցիալական և տարիքային խմբերի համար կլինի անվճար։ Այսինքն՝ դրա դիմաց կփոխհատուցի պետությունը։ Բայց արդեն երեկ առողջապահության նախարարությունից մեր թղթակցին պատասխանել են, որ նախարարի համապատասխան հրամանը վերաբերում Էր հունվարի 1-ից մինչև 20-նն ընկած ժամանակահատվածին, երբ վարակի տարածումը գտնվում Էր գագաթնակետին։ Հունվարի 20-ից հետո, փաստորեն, մարդիկ կամ պետք է վճարեն, կամ գումար չունենալով` տարածեն վարակն ու նաև վտանգեն իրենց կյանքը։ Մեր խմբագրության ահագանգած քաղաքացուց պահանջել են վճարել 170 հազար դրամ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։