6455 դիտում
19:00 23-01-2016
Վայրի Արևմուտքի ամենառոմանտիկ և անգութ ավազակը
Ջեսի Ուոդսոն Ջեյմս (Jesse Woodson James) ծնվել է 1847թ. սեպտեմբերի 7-ին Քլեյ Քաունթիում, Միսուրի նահանգ: Հայրը՝ Ռոբերտ Ջեյմսը հարուստ հողագործ էր, միաժամանակ բապտիստ երեց: Ջեսի Ջեյմսն ուներ ավագ եղբայր՝ Ալեքսանդր Ֆրանկլին «Ֆրենկ» և փոքր քույր՝ Սյուզան Լավանիա: Ոսկու տենդի առաջին տարիներին հայրը մեկնում է Կալիֆորնիա, որտեղ մահանում է, երբ Ջեսին 3 տարեկան էր: Շատ չանցած Ջեսիի մայրը կրկին ամուսնանում է Բենջամին Սիմզ անունով մի մարդու հետ, այնուհետև ևս մեկ անգամ՝ դոկտոր Ռուբեն Սամուելի հետ: Վերջին ամուսնությանից ունենում է ևս 4 երեխա՝ Սառա Լուիզա, Ջոն Թոմաս, Ֆանի Քվանտրել և Արչի Փեյթոն:
Ընտանեկան լուսանկար (վերին շարքում ձախից երրորդը՝ Ջեսի Ջեյմսն է)
[img]/ups/images/0782196001453533709321447.jpg[/img]
Քաղաքացիական պատերազմի ժամանակ Սամուել-Ջեյմս ընտանիքն ուներ 7 ստրուկներ, որոնք ծխախոտ էին աճեցնում նրանց ընտանեկան ագարակում: Միսուրին հյուսիսային սահմանային նահանգ էր, սակայն բնակչության 75%-ը Հարավի բարքերն էին կրում: Այդ պատճառով Միսուրին դառնում է պատերազմական գործողությունների թատերաբեմներից մեկը: Սամուել-Ջեյմս ընտանիքը կանգնում է Կոնֆեդերատների կողքին: Ջեսիի ավագ եղբայրը՝ Ֆրենկը, Կոնֆեդերատների բանակի ղեկավարներից մեկի՝ Չարլզ Քուանտրիլի հրամատարության ներքո մասնակցում է Ուիլսոնի գետակի մոտ մղված ճակատամարտին, սակայն հիվանդանում է և վերադառնում տուն: 1863թ. մայիսին հյուսիսի զինվորներն ու աշխարհազորայինները Ֆրենկին ձերբակալելու նպատակով ներխուժում է Սամուել-Ջեյմսի ագարակը, խոշտանգում Ռուբէն Սամուելին, և ի վերջո՝ կախում ծառից, իսկ երիտասարդ Ջեսիին մտրակում: Այդ ժամանակ Ջեսին ընդամենը 16 տարեկան էր:
[img]/ups/images/0391804001453533727983575.jpg[/img]
Այդ միջադեպից հետո Ջեսին ու Ֆրենկը մտնում են Արյունարբու Բիլլ Անդերսոնի պարտիզանական խմբի մեջ և կողոպտում զինապահեստներ, գնացքներ, կազմակերպում դիվերսիոն հարձակումներ: Հյուսիսցիները պարտիզանական խմբերի գործողությունները որակում են հանցագործություն:
[img]/ups/images/0817155001453533736264412.jpg[/img]
Պատերազմն ավարտվում է հյուսիսի հաղթանակով 1865-ին, որից հետո հարավի կողմնակիցները բռնաճնշումների են ենթարկվում, զրկվում եկամտաբեր աղբյուրներից: Բանկիրներն ու երկաթուղայինները հանիրավի խլում են հարավցիների տներն ու ունեցվածքը: Ջեսիի մարտական ընկերներից մի քանիսը, կյանքում տեղ չգտնելով, մտնում են Արչի Կլեմենտի կազմավորած ավազակախմբի մեջ: Նրանց են միանում նաև 18-ամյա Ջեսին և նրա եղբայր Ֆրենկը: Իսկ Կլեմենտի մահվանից հետո այդ ավազակախումբը ղեկավարում է Ջեսի Ջեյմսը: Ջեսի Ջեյմսը սկսում է թալանել բանկերը, ինչպես նաև՝ բանակի զինամթերքը, պահեստները, գնացքները: Իսկ ավարի մի մասը բաժանում է աղքատներին և գցվածներին: 1866թ. Ջեսի Ջեյմսն առաջին անգամ բանկ է թալանում: Ընդհանուր առմամբ Ջեսի Ջեյմսն ու նրա ավազակախումբը թալանել են 11 բանկեր, 7 գնացքներ, 3 ֆինանսատար կառքեր, սպանել են 16 մարդկանց:
[img]/ups/images/0475303001453533751307227.jpg[/img]
1874-ի հունվարի 31-ին նրա ավազակախումբը առաջին անգամ կանգնեցնում է և թալանում ապրանքատար գնացք, կողոպտելով 2.000 դոլար: Սակայն նախքան հեռանալը, Ջեսին գնացքավարին է հանձնում մի տեքստ, ըստ էության՝ մամլո հաղորդագրություն, և խնդրում այն փոխանցել թերթերին: Տեքստի վերնագիրն էր «Գնացքի ամենալկտի կողոպուտը», իսկ բուն տեքստում գրված էր. «Հարավ ուղևորվող գնացքն այսօր կողոպտվել է լեռնային հատվածում մինչև ատամները զինված 5 տղեքի կողմից, գողացվել է ... դոլար: Հարձակվողները հայտնվել են կայարանում գնացքի գալուց մի քանի րոպե առաջ, չեզոքացրել են դիսպեչերին և գնացքի ուղղությունը թեքել դեպի պահեստային ուղի: Բոլոր հարձակվողները թիկնեղ էին, 6 ոտնաչափ հասակով, դեմքերը ծածկած են եղել դիմակներով: Վերցնելով ոսկին ու փողերը, նրանք զտարյուն նժույգներով սլացել են դեպի հարավ: Տեղի բնակչությունը խուճապի է մատնված»:
[img]/ups/images/007660800145353376414584.jpg[/img]
1871թ. հունիսի 3-ին Ջեսիի ավազակախումբը թալանում է Կորիդոն փոքր քաղաքի (Այովա նահանգ) բանկը: Քաղաքի բնակիչներն այդ պահին քաղաքի ծայրամասում գտնվող եկեղեցում մասնակցում էին պատարագի: Ջեսի և Ֆրենկ Ջեյմսերը, Քոուլ Յանգերը և Քլիլ Միլլերը գործում են շատ արագ: Ավազակներից մեկը մնում է դրսում և պահպանում ձիերին, մյուսը` վերահսկում է մուտքը, իսկ մյուս երկուսը մտնում են բանկ, որտեղ այդ պահին լինում է միայն սեփականատերը՝ Օսկար Օկոբոկը: Նրանք մի քանի րոպեում կապկպում են բանկիրին և սրբում բանկը, վերցնելով 6.000 դոլար՝ ոսկով և թղթադրամներով: Փախչելիս կանգ են առնում եկեղեցու մոտ: Կողոպտիչներից մեկը մտնում է եկեղեցի և ուրախ բացականչում. «Հե՜յ, ինչ-որ մարդիկ թալանել են բանկը»: Կորիդոնցիները կարծում են, թե դա կատակ է: Սակայն պատարագից հետո, մտնելով բանկ, տեսնում են դատարկ պահարաններն ու կապկված խեղճ Օսկարին:
ձախից աջ՝ Ալան Պինկերտոնը, Աբրահամ Լինկոլնը և գեներալ ՄքՔլերանդը
[img]/ups/images/0882800001453533774103628.jpg[/img]
1876թ. Ջեսի Ջեյմսի խմբի անդամների մի մասը սպանվում են, մի մասը ձերբակալվում կամ ընդհատակ անցնում: Նրանց հետապնդում են տասնյակ գործակալներ՝ Ալան Պինկերտոնի գլխավորությամբ, որին վարձել էին երկաթուղայինները: Ջեյմսը Պինկերտոնին համարում էր անձնական թշնամի: Պինկերտոնցիները 1975թ.-ին հրդեհում են Ջեյմսերի ընտանեկան ագարակը: Հրդեհի ժամանակ զոհվում է Ջեսիի փոքր եղբայրը՝ Արչին: Եվ Ջեսին երդվում է վրեժխնդիր լինել, սակայն չի հասցնում: Ալան Պինկերտոնը մահանում է իր մահով, Ջեյմսի մահվանից 2տարի անց:
[img]/ups/images/0196268001453533791720825.jpg[/img]
1879թ. գնացքի հերթական կողոպուտից հետո նահանգային իշխանությունները Ջեսի Ջեյմսին գլխի համար 10.000 դոլար պարգև են խոստանում: Անմիջապես հայտնվում են մի քանի որսորդներ: Այդ ժամանակ Ջեսին կասկածամիտ է դառնում, հաճախակի փոխում բնակավայրը, սպանում նրանց, որոնք նրան դավաճան են թվում: Միակ մարդիկ, որոնց նա վստահում է, ավազակախմբի անդամներ՝ Ռոբերտ և Չարլի Ֆորդ եղբայրներն էին:
[img]/ups/images/0143704001453533800723415.jpg[/img]
1882թ. ապրիլի 3-ին Սենտ-Ջոզեֆ քաղաքում իրենց տանը Ջեսի Ջեյմսը և Ֆորդ եղբայրները մշակում էին հերթական հարձկման ծրագիրը և նախապատրաստվում «գործի»: Շոգ օր էր և Ջեսին հանել էր բաճկոնն ու ատրճանակը: Հանկարծ նկատում է, որ պատին կախված նկարը թեքվել է: Կանգնում է աթոռին և փորձում ուղղել նկարը: Այդ պահին Ռոբերտ Ֆորդն ատրճանակով կրակում է Ջեսիի ծործրակին: Վազելով ներս է մտնում Ջեսիի կինը՝ Զերալդան, սակայն Ջեսին արդեն մեռած էր:
[img]/ups/images/0214083001453533819188977.jpg[/img]
Ջեսի Ջեյմսի մահվան լուսանկարները վաճառվում են 2 դոլարով և հայտնվում բոլոր թերթերի և ամսագրերի առաջին էջերին: Լուսանկարներով բացիկներ են տպագրվում և վաճառվում դեղատներում և կրպակներում: Մարդիկ դրանք ձեռք են բերում և պահում որպես սրբապատկեր: Ջեսի Ջեյմսի ընտանիքը շուտով տեղափոխվում է Կանզաս, որտեղ նրանց աջակցում է Թոմաս Կրիտենդենը՝ Միսուրիի նահանգապետի որդին: Ջեսիի սպանությունից հետո նրա ավազակախումբը դադարում է գործել: 39-ամյա Ֆրենկ Ջեյմսը հանձնվում է նահանգապետ Կրիտենդենին, նրա ոտքերի առաջ դնելով իր ատրճանակը և որոշ ժամանակ անց կանգնում դատարանի առաջ: Թվում էր, թե մահապատժի է դատապարտվելու և կախաղան է բարձրացվելու՝ բազմաթիվ կողոպուտների և սպանությունների համար, սակայն երդվյալ ատենակալները անմեղ են ճանաչում Ֆրենկին՝ նրան ներկայացված բոլոր մեղադրանքներով:
Ջեսի Ջեյմսի մահվան լուսանկարը
[img]/ups/images/0314044001453533835125968.jpg[/img]
Ռոբերտ Ֆորդը հույս ուներ, որ Ջեսի Ջեյմսին սպանելու դիմաց կստանա Միսուրիի նահանգապետ Կրիտենդենի խոստացած պարգևը, ինչպես նաև՝ կարժանանա ամերիկացիների ծափահարություններին, սակայն ստանում է ընդամենը 500 դոլար: Ավելին՝ ամերիկացիները Ֆորդ եղբայրներին բացահայտ արհամարում են: Այդ արհամարանքին չդիմանալով՝ Չարլին ինքնասպանություն է գործում: Իսկ Ռոբերտը հեռանում է և Կոլորադո նահանգում փոքր բար բացում: Մի առավոտ Էդվարդ Օ'Քելին մտնում է բար, որտեղ լինում են միայն Ֆորդն ու բարմենը և ասում. «Ողջույն Բոբ»: Երբ Ռոբերտ Ֆորդը ձայնի վրա շրջվում է ողջույնին պատասպանելու, Օ'Քելին կրակում է նրա ճակատին:
Էդվարդ Օ՛Քելլի
[img]/ups/images/0828570001453533846689380.jpg[/img]
Այդ սպանության համար Օ'Քելին դատապարտվում է ցմահ ազատազրկման: Նահանգի քաղաքացիները 7.000 ստորագրություն են հավաքում Օ'Քելիին ներում շնորհելու խնդրանքով: Քաղաքացիների խնդրագիրը հաշվի առնելով, նահանգի ղեկավարությունը 8 տարի անց ներում է շնորհում Էդվարդ Օ'Քելիին: Բոբ Ֆորդի տապանաքարին գրված է. «Մարդ, որը սպանեց Ջեսի Ջեյմսին», իսկ Օ'Քելիի տապանաքարին գրված է. «Մարդ, որը սպանեց Ջեսի Ջեյմսին սպանողին»:
Ռոբերտ Ֆորդի տապանաքարը
[img]/ups/images/0912476001453533862232708.jpg[/img]
Ջեսի Ջեյմսը եղել և մնում է սիրված հերոս Ամերիկայում: Ամեն տարի սեպտեմբերին, նրա հայրենիքում՝ Միսուրի նահանգում անցկացվում է փառատոն՝ նվիված Ջեսի Ջեյմսին, կազմակերպվում են հյուրասիրություններ, ձիարշավի, հրաձգության մրցույթներ, դիմակահանդես և շքերթ: Իսկ Սենտ-Ջոզեֆ քաղաքում գնտվող նրա հին տունը վերածվել է տուն-թանգարանի: Քաղաքում կանգնեցված է նաև նրա հուշարձանը:
Ջեսի Ջեյմսի Տուն-թանգարանը Սենտ-Ջոզեֆում
[img]/ups/images/002394400145353387571363.jpg[/img]
Ջեսի Ջեյմսի մասին գրվել են հարյուրավոր գրքեր, երգեր, նկարահանվել են 28 գեղարվեստական և վավերագրական ֆիլմեր: Առաջին ֆիլմը նկարահանվել է 1921թ.-ին՝ «Ջեսի Ջեյմսը սև դրոշի ներքո» (Jesse James Under the Black Flag), իսկ վերջին ֆիլմը նկարահանվել է 2010թ.-ին՝ «Ամերիկյան ավազակներ՝ Ֆրենկ և Ջեսի Ջեյմսերը» (American Bandits: Frank and Jesse James): Նրանց մեծ մասում Ջեսի Ջեյմսը ներկայացվում է որպես հերոս, պարտիզան, ազատարար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 13+
13+
Նմանատիպ նյութեր
2606 դիտում
12:22 03-02-2022
Տարվա ամենառոմանտիկ երեկոն` փետրվարի 15-ին
1450 դիտում
09:47 02-04-2014
Անդրանիկ Նիկողոսյանը կհայտնվի Արևմուտքի կողմից «պատժվածների» ցուցակում. Հրապարակ
1346 դիտում
22:15 24-04-2014
Լուկաշենկոն Տուրչինովի հետ քննարկել է Ուկրաինայի արևմուտքի իրադրությունը
Այս բաժնից
2542 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2818 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել