11631 դիտում
19:00 16-01-2016
Երեխայի դեմքով անորսալի գանգստերը
Մանուկ Նելսոնը (իսկական անունը՝ Լեստեր Ջոզեֆ Գիլիս) ծնվել է 1908 թ. դեկտեմբերի 6-ին Չիկագոյում, բելգիական ներգաղթյալների ընտանիքում: Հայրը կաշեգործ էր: Պատանի Մանուկ Նելսոնն աչքի էր ընկնում համառությամբ և կռվարարությամբ: 11 տարեկանում դառնում է պատանի խուլիգանների խմբի ղեկավար: Նրանք գողանում են ավտոմեքենաներ և զբաղվում շորթումներով: Դպրոցից հաճախակի բացակայության պատճառով, նրան ուղարկում են դժվար դաստիարակվող երեխաների հատուկ դպրոց: 1921թ. հուլիսի 4-ին 12-ամյա Նելսոնը առաջին անգամ դատապարտվում է 1 տարվա ազատազրկման (ավտոմեքենայի գողության համար), որն անցկացնում է մանկական գաղութում: Մեկ տարի անց ազատ է արձակվում, սակայն անմիջապես ձերբակալվում է մեքենայի գողության համար և կրկին դատապարտվում: Ազատ է արձակվում 1924թ. սկզբին և 4 տարի հանցագործություն չի կատարում:
Մանուկ Նելսոնը մայրիկի հետ
[img]/ups/images/0164158001452931981845713.jpg[/img]
1928-ի սկզբին սկսում է զբաղվել ալկոհոլի տեղափոխմամբ (այդ տարիներին օրենքով արգելում էր ալկոհոլի վաճաառքը): Այս գործունեության շնորհիվ 19-ամյա Նելսոնը դառնում է յուրային Չիկագոյի գանգստերների շրջանում: Նույն տարում Նելսոնն ամուսնանում է Հելեն Վավժնյակի հետ: Հետագայում նրանք ունենում են 2 երեխա: 1929թ. վերջին Նելսոնը կազմավորում է իր ավազակախումբը: 1930 ապրիլ 21-ին Նելսոնի բանդան առաջին անգամ հարձակվում է բանկի վրա և տանում 4.000 դոլար: Իսկ մայիսին Նելսոնը կողոպտում է ոսկերչական խանութ՝ թալանելով 25.000 դոլարի ոսկեղեն: Հոկտեմբերի 3-ին Նելսոնն ու նրա մարդիկ կողոպտում են Չիկագոյի պետական բանկը՝ թալանեով 4.600 դոլար: Եվս 3 օր անց Նելսոնի խումբը կողոպտում է Չիկագոյի քաղաքապետ Բիլլ Թոմսոնի տունը, տանելով նրա կնոջը զարդերը՝ 18.000 դոլար ընդհանուր արժողությամբ: Քաղաքապետի կինն առաջինն է, որ նկարագրում է 21-ամյա Նելսոնին. «Նա կարճահասակ էր, գեղեցիկ դեմքով, շատ երիտասարդ՝ երեխայի նման, գորշ վերարկուով և շագանակագույն գլխարկով»:
[img]/ups/images/069217500145293200521270.jpg[/img]
1930 նոյեմբերի 23-ին Իլինոյս նահանգի Սումիթ քաղաքում Նելսոնի ավազակախումբը փորձում է կողոպտել խորտկարան, սակայն ոստիկանության ծուղակն է ընկնում: Փոխհրաձգության հետևանքով զոհվում է 3 ոստիկան, ևս 3-ը վիրավոորվում են, իսկ ավազակները հեռանում են դատարկաձեռն: Երեք օր անց «Waukegan Road» բարի կողոպուտի ժամանակ Նելսոնը կատարվում է առաջին սպանությունը՝ գնդակահարելով դիմադրություն ցույց տվող բրոքեր Էդվին Թոմսոնին: 1931թ. հունվարին Մանուկ Նելսոնի բանդան վնասազերծվում է: Խմբի անդամներից մեկը սպանվում է փոխհրաձգության ժամանակ, ևս 3-ը՝ այդ թվում՝ առաջնորդը, ձերբակալվում են: Հարցաքննությունների ժամանակ ավազակները ցուցմունք են տալիս, որ խմբի բոլոր հանցագործությունները ղեկավարել է Լաստեր Ջոզեֆ Գիլիսը՝ «Մանուկ Նելսոն» մականունով: Կրկնահանցագործ Նելսոնը մեղադրվում է մի շարք ավազակային հարձակումների կազմակերպման, իրականացման և սպանությունների մեջ և դատապարտվում ցմահ բանտարկության Հանտսվիլի բանտում:
[img]/ups/images/0229568001452932037247998.jpg[/img]
1932թ. փետրվարին ազատության մեջ գտնվող ծանոթ ավազակների աջակցությամբ Մանուկ Նելսոնը փախուստ է կատարում բանտից, թաքնվում Ռինո քաղաքում, ապա տեղափոխվում է Սաուսալիտո՝ Կալիֆորնիա: Կալիֆորնիայում ընկերանում է Ջոն Փոլ Չեյսի և Ֆաուստո Նեգրիի հետ, որոնք նրան ծանոթացնում են հայտնի բանկային ավազակ Էդի Բենցի հետ: Մեկ տարի անց Էդի Բենցի հետ կողոպտում է Միչիգան նահանգի Գրանդ Հավեն բանկը: Այդ կողոպուտից անմիջապես հետո Մանուկ Նելսոնը կազմավորում է նոր ավազակախումբ՝ Հոմեր Վան Մետերի, Թոմի Քերոլի և Էդի Գրինի հետ միասին: Հոկտեմբերի 23-ին այդ չորս ավազակները կողոպտում են Բրեյներդ քաղաքի (Մինեսոտա նահանգ) բանկը, տանելով մոտ 32.000 դոլար: Ականատեսների վկայությամբ Մանուկ Նելսոնը շատ նյարդային է եղել և մի քանի կրակահերթ է արձակել հաճախորդների գլխավերևով: Այդ կողոպուտից հետո Նելսոնի համար գլխագին է սահմանվել:
[img]/ups/images/0509841001452932061304295.jpg[/img]
Այնուհետև Նելսոնն ընկերների, կնոջ՝ Հելենի և երեխայի՝ Ռոնալդի հետ թաքնվում են Սան Անտոնիո քաղաքում (Տեխաս նահանգ), որտեղ խումբը նոր զենքեր է ձեռք բերում: Մանուկ Նելսոնն իր համար գնում է 9 մմ տրամաչափի ավտոմատ Կոլտ: 1933թ. դեկտեմբերի 11-ին տեղի բնակչի հաղորդմամբ ոստիկանությունը շրջափակում է այն տունը, որտեղ ապրում էր խումբը: Կատաղի փոխհրաձգությունից հետո սպանվում է 1 ոստիկան, ծանր վիրավորվում ևս 1-ը: Ավազակները հաջողացնում են փախչել և ցրվել: Հոմերը, Թոմին և Էդին մեկնում են հյուսիս, իսկ Նելսոնն ընտանիքի հետ ապաստանում է Կալիֆորնիայում, որտեղ կրկին հանդիպում է հին ընկերներին՝ Ջոն Փոլ Չեյսին և Ֆաուստո Նեգրիին:
[img]/ups/images/0707061001452932090715523.jpg[/img]
1934թ. մարտի 3-ին բանտից հերթական անգամ փախչում է ամենահայտնի բանկային ավազակ Ջոն Դիլինջերը: Նելսոնն ու Ջոն Փոլ Չեյսը շտապում են Դիլինջերին տեսության: 1934 Մարտ 6-ին Մանուկ Նելսոնի 6-հոգանոց ազակախումբը թալանում է Սյու Ֆոլս բանկը, տանելով 50.000 դոլար: Նելսոնը վիրավորում է ոստիկան Հեյլ Քիթին, որը փորձել էր խոչընդոտել կողոպուտը: Իսկ Մարտի 13-ին Ջոն Դիլինջերը, Մանուկ Նելսոնը, Էդի Գրինը, Ջոն Փոլ Չեյսը, Ջոն Համիլթոնը և Հոմեր Վան Մետերը հարձակվում են Մեյսոն Սիթի քաղաքի (Այովա նահանգ) բանկի վրա, թալանելով մոտ 52.000 դոլար: Ոստիկանության հետ փոխհրաձգության ժամանակ վիրավորվում են Դիլինջերն ու Համիլթոնը, որոնք փախչում ու թաքնվում են հյուսիսային նահանգներում, իսկ Նելսոնն ու Չեյսը Ռինոյում:
Ջոն Դիլինջերն ու Մանուկ Նելսոնը
[img]/ups/images/0978595001452932120163908.jpg[/img]
1934թ Ապրիլ 20-ին Դիլինջերը, Համիլթոնը, Նելսոնը և Մետերը հանդիպում են Մանիթովիշ-Ուոթերսում (Վիսկոնսին նահանգ) «Փոքրիկ Բոհեմիա» հյուրանոցում, հանգստյան օրերն անցկացնելու նպատակով: Ավելի ուշ նրանց է միանում Դիլինջերի բարեկամ Փիթ Ռեյլին, Նելսոնի կինը՝ Հելենը՝ ընկերուհիների հետ: Ապրիլի 22-ի երեկոյան հյուրանոցը շրջափակում են ՀԴԲ գործակալները Մելվին Պերվիսի ղեկավարությամբ, սակայն սխալմամբ գնդակահարում են նման մեքենայով այլ քաղաքացիների, սպանելով 1 և վիրավորելով 3 մարդու: ՀԴԲ-ի անկանոն կրակոցներից սթափվելով Դիլինջերը, Համիլթոնը և Վան Մետերը անմիջապես հեռանում են ետնամուտքից և թաքնվում անտառում: Նելսոնն այդ ժամանակ քնած է լինում և քիչ անց ստիպված միայնակ ճեղքում է գործակալների պաշարումը: Փողոց վազելով նա կրակում է գործակալների վրա և հասցնում թաքնվել անտառում: Անտառով մոտ մեկ մղոն քայլելուց հետո նա ավտոմեքենա է կանգնեցնում և գնում իր ընկերոջ՝ Էլվին Քորների տուն: Վարորդը հաղորդում է ոստիկանությանը Նելսոնի գտնվելու վայրի մասին և ՀԴԲ-ն անմիջապես շրջափակում է Քորների տունը: Նելսոնը ընկերոջն ու նրա ընտանիքի անդամներին կարգադրում է փախչել անտառ, իսկ ինքը դուրս է գալիս տանից, մոտենում գործակալներից երկուսին ճարպկորեն զինաթափում է նրանց և պատանդ վերցնում: Գործակալներից մեկն ուզում է դուրս հանել պահեստային ատրճանակը: Դա նկատելով, Նելսոնը կրակահերթ է արձակում, սպանում 1 գործակալի, վիրավորում ևս 2-ին, նստում գործակալների ավտոմեքենան և հեռանում: Սակայն 15 մղոն հեռանալով վթարի է ենթարկվում, թողնում է մեքենան և անհետանում անտառում, որտեղ մի քանի օր ապրում է անտառային լքված տնակում:
Հելեն Գիլիս՝ Մանուկ Նելսոնի կինը
[img]/ups/images/0349337001452932145626472.jpg[/img]
Նելսոնի կինը՝ Հելենը ձերբակալվում է հյուրանոցում և մեղադրվում հանցագործներին պարտակելու մեջ: Նրան դատապարտում են, բայց մի քանի ամիս անց վաղաժամկետ ազատ աձակում: Արդպիսով Նելսոնին ձերբակալելու գործողության ժամանակ զոհվում են մեկ քաղաքացի և ՀԴԲ մեկ գործակալ, վիրավորվում են 5-ը, այդ թվում՝ 3 քաղաքացիական անձ: Հասարակությունը պահանջում է ՀԴԲ տնօրեն Ջոն Հուվերի հրաժարականը, ինչպես նաև՝ գործողությունը ղեկավարող գործակալ Մելվին Պերվիսին ազատել աշխատանքից: Իսկ Մանուկ Նելսոնը հայտարարվում է Ջոն Դիլինջերի չափ վտանգավոր հանցագործ և առաջնային թիրախ:
[img]/ups/images/0997272001452932179939011.jpg[/img]
1934թ. ապրիլի 23-ին Դիլինջերը, Համիլթոնը և վան Մետերը բախվում են ճանապարհային ոստիկանների հետ: Ավազակներին հաջողվում է ազատվել հետապնդումից, սակայն Համիլթոնը ծանր վիրավորվում է և 1 շաբաթ անց մահանում: Այդ ընթացքում Դիլինջերի ավազակախմբին կրկին միանում է Մանուկ Նելսոնը: 1934թ. հունիս 7-ին Վաթերլո քաղաքում (Այովա նահանգ) ՀԴԲ գործակալները սպանում են Թոմի Քերոլին և նրա կնոջը՝ Ժաննա Կրոմտոնին, որը Նելսոնի կնոջ՝ Հելենի մտերիմ ընկերուհին էր: Հելենը շատ ծանր է տանում այդ կորուստը: 1934թ. հունիսի 30-ի առավոտյան Դիլինջերը, Վան Մետերը, Մանուկ Նելսոնն ու Սիրունիկ Ֆլոյդը թալանում են Սաուտ Բենդ քաղաքի բանկը (Ինդիանա): Ոստիկանությունը շատ արագ է արձագանքում կողոպուտի ազդանշանին և շրջափակում բանկը: Մետերն ու Նելսոնը դուրս են գալիս փողոց և կրակ բացում ոստիկանների ուղղությամբ: Վան Մետերը գնդակահարում է ոստիկան Հովարդ Վագներին, իսկ Մանուկ Նելսոնը վիրավորում է դիմադրություն ցույց տվող հաճախորդ Հարի Բերգին: Այդ իրարանցման ժամանակ Դիլինջերն ու Սիրունիկ Ֆլոյդը, պաշտպանվելով 3 պատանդներով, բանկից դուրս են բերում 28.000 դոլար գումար: Ոստիկանները կրակում են ավազակների ուղղությամբ և վիրավորում պատանդներից 2-ին: Ավազակները թողնում են պատանդներին և ավարով փախուստի դիմում: Ոստիկանները կրակ են բացում նրանց հետևից՝ վիրավորելով մի քանի անցորդների:
[img]/ups/images/0584759001452932210600393.jpg[/img]
1934թ. նոյեմբերի 27-ին Չիկագոյի մոտակա Բարինգտոն քաղաքում ՀԴԲ-ի գործակալ Հերման Հոլիսը և ոստիկանության տեսուչ Սամուել Քոուլին նկատում են Մանուկ Նելսոնին: Նրանք սկսում են հետապնդել Նելսոնի «Ֆորդ» մակնիշի մեքենան, որի մեջ էին նաև նրա կինը՝ Հելենը և ընկերը՝ Ջոլ Փոլ Չեյսը: Նկատելով հետապնդումը, Մանուկ Նելսոնը կրակ է բացում գործակալների մեքենայի ուղղությամբ: Հանկարծ Նելսոնի «Ֆորդը» շեղվում է ճանապարհից և հարվածում ծառին: Գործակալները նույնպես կանգ են առնում: Նելսոնը կարգադրում է կնոջն ու ընկերոջը հեռանալ և շարունակում միայնակ պաշտպանվել: Շուտով տեսուչ Քոուլին վիրավորում է Նելսոնին՝ կրծքավանդակի և որովայնի շրջանում, սակայն ինքը նույնպես վիրավորվում է և կորցնում գիտակցությունը: Գործակալ Հոլիսը կարողանում է վիրավորել Նելսոնին ոտքից, սակայն նույն պահին խփվում է գլխից ու տեղում մահանում:
[img]/ups/images/0372948001452932245598749.jpg[/img]
Այդ ժամանակ ետ է վերադառնում Ջոն Փոլ Չեյսը, ծանր վիրավոր Մանուկ Նելսոնին նստեցնում մեքենա, տանում նրան Բարինգտոն, որտեղ կես ժամ անց կնոջ ձեռքերի մեջ մահանում է Մանուկ Նելսոնը, նույն ինքը՝ Լեստեր Ջոզեֆ Գիլիսը: Մի քանի ժամ անց հիվանդանոցում մահանում է նաև տեսուչ Սամուել Քոուլին: Նոյեմբերի 28-ին առավոտյան Մանուկ Նելսոնի դիակը սավանի մեջ փաթաթված հայտնաբերվում է Բարինգտոն քաղաքի կաթոլիկ գերեզմանատան մոտ: Լեստեր Ջոզեֆ Գիլիսը թաղված է «Սուրբ Հովսեփի գերեզմանատանը» Ռիվեր Գրոու քաղաքում (Իլինոյս նահանգ):
Մանուկ Նելսոնի մասին նկարահանվել են ֆիլմեր: «Մանուկ Նելսոն» (Baby Fase Nelson) ԱՄՆ, 1957թ., ռեժիսոր՝ Դոն Սիգել: Իսկ «Օ՜, որտե՞ղ ես եղբայր» ֆիլմի մի դրվագում Մանուկ Նելսոնը պատկերված է երգիծական կերպարում:
Նմանատիպ նյութեր
57740 դիտում
19:15 16-07-2018
«Մանկահասակի դեմքով անգիտակից երեխայի» պատմությունը․ 3 անգամ գիտակցաբար հրաժարվել է փրկվելուց
1401 դիտում
12:24 23-02-2014
13 տարի շարունակ անորսալի համարվող նարկոբարոնը ձերբակալվել է
Այս բաժնից
2542 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2818 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել