211652_close_icon
views-count131222 դիտում article-date 09:05 28-12-2015

Խոշոր, դաժան ու ողբերգական հրդեհ Սարի թաղում. 40 հրշեջ-փրկարար քաղաքացիների հետ մի քանի ժամ պայքարում էին խոշոր կրակի դեմ. տան անդամները կենդանի այրվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 28-ին, խոշոր, դաժան ու ողբերգական հրդեհ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սարի թաղի 5-րդ շարքի թիվ 135 տանը: Ինչպես հրդեհի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, և տեղում հայտարարվել է հրդեհի վտանգավորության բիս 1 աստիճան: Լրացուցիչ ժամանել են թիվ 1, 2, 8, 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից, մի քանի մարտական հաշվարկներ, ովքեր սկսել են բնակիչների հետ, կարելի է ասել, մենամարտի դուրս գալ կրակի դեմ: Կրակը շատ ուժեղ էր և հրշեջներն ու քաղաքացիները մեծ դժվարությամբ էին նրա դեմ պայքարում: Մի քանի ժամ պահանջվեց, որպեսզի նրանք կարողանային կրակը մարել, սակայն կարճ ժամանակ անց հայտնաբերվում էր կրակի նոր օջախ: Օպերատիվորեն են աշխատել 1-03 շտապ օգնության մի քանի բրիգադներ, էլեկտրոցանցի աշխատակիցները, ովքեր անջատել էին նշված հատվածի էլեկտրաէներգիան: Օպերատիվորեն են ժամանել նաև «Գազպրոմ»-ի աշխատակիցները: Վերջիններս էլ ժամանակավորապես դադարեցրին գազամատակարարումը նշված հատվածում: Ժամանել էին նաև Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի պատասխանատու բաժինների ներկայացուցիչները: Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Հայկազ Մամաջանյանին պատկանող թիվ 135/1 տան և Գայանե Գրիգորյանին պատկանող թիվ 135/2 տներում: Ըստ նախնական տեղեկությունների՝ թիվ 135/1 տան բնակիչներ՝ 87-ամյա Հայկազ, 84-ամյա Էմմա և 60-ամյա Սիրանույշ Մամջանյանները գտնվել են տանը, իսկ 56-ամյա Մայա Մամաջանյանը տեղափոխվել էր Ավանի հոգեբուժական կենտրոն: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:50-ի սահմաններում և մարվել է 06:30-ին: Ամբողջությամբ այրվել են թիվ 135/1 և 135/2 տները, իսկ Նարինե Մար-Գասպարյանին պատկանող թիվ 133 տունը և Գալինա Մնացականյանին պատկանող թիվ 137 տունը՝ մասնակի: Լուսաբացին ամբողջովին մոխրակույտի վերածված Մամաջանյանների տանը հայտնաբերվել են 3 դիերը: Գ. Շամշյանը հայտնում է նաև, որ առաջին իսկ պահից հրդեհի վայրում է եղել Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը, ով, ըստ բնակիչների պատմածի, փրկարարների հետ նույնպես մասնակցում էր հրդեհաշիջմանը: Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչների մեծ մասը պնդում էին, որ, եթե հրշեջներն ուշ ժամանեին, ապա կրակը կտարածվեր 1 տասնյակից ավելի տներով: Հրշեջներին խանգարում էր նաև փողոցի նեղությունը, քանի որ մեքենաները չէին կարողանում ազատ տեղաշարժվել: Դեպքի վայրում հրշեջների աշխատանքները ղեկավարել են փրկարար ծառայության օրվա պատասխանատու Վարդան Հովսեփյանը, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ Հովհաննես Խանգելդյանը և Երևան քաղաքի փրկարարական վարչության պետի տեղակալ Արմեն Բադալյանը: Տեղում աշխատել է 40 հրշեջ: Արդեն նշված վայր են ժամանել ոստիկանության Էրեբունու բաժնի աշխատակիցները, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները, որտեղ փաստի առթիվ նութեր են նախապատրաստվում: Հարևաններն արդարացիորեն բարձրաձայնում էին նաև, որ Մամաջանյանների ընտանիքը ունեցել է հոգեկան խնդիրներ ու բազմաթիվ անգամ ահազանգել են պատկան մարմիններին, ովքեր Մամաջանյաններին մի քանի անգամ փորձել են տեղավորել հոգեբուժական հիվանդանոցում, սակայն այնտեղ հրաժարվել են ընդունել: Ժամանել են նաև «Սանիթեկ» ընկերության ներկայացուցիչները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 248+
248+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր