10818 դիտում
22:05 21-12-2015
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության հրապարակում միացրեց գլխավոր տոնածառի լույսերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, որդիների հետ միասին, Հանրապետության հրապարակում հանդիսավորությամբ միացրել է 38 հազար լուսադիոդային լամպերով ու շուրջ 500 խաղալիքներով զարդարված հանրապետության գլխավոր տոնածառի լույսերը, որով էլ տրվել է մայրաքաղաքում ամանորյա տոնական միջոցառումների մեկնարկը:
Լույսերի միացմանը զուգահեռ լուսավորվել են նաև մայրաքաղաքի բոլոր վարչական շրջանների տոնածառերը, գործարկվել են գլխավոր ու երկրորդական փողոցներում տեղադրված տոնական լուսավորության համակարգերն ու մայրաքաղաքի լուսադիոդային տոնական զարդարանքները, այդ թվում նաև շատրվանները: Երևանի ամանորյա տեսքն ապահովել են 987 փողոցային գեղարվեստական լուսավորության զարդերը, որոնք տեղադրվել են բոլոր վարչական շրջանների ավելի քան 50 փողոցներում։
Գեղարվեստական լուսային ձևավորում են ստացել նաև 1700-ից ավելի ծառեր բոլոր վարչական շրջաններում։ Ծառերի լուսային ձևավորման համար օգտագործվել են 18758 լուսային շղթաներ՝ ընդհանուր 1.875.800 լեդ լամպերով։ Բոլոր վարչական շրջաններում տոնական լույսերով ձևավորված են ավելի քան 20 այգիներ ու պուրակներ և յուրաքանչյուր վարչական շրջան ունի իր կենտրոնական տոնածառը։
Պատասխանելով լրագրողների հարցերին քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ մայրաքաղաքի տոնական ձևավորմանը զուգահեռ Երևանի քաղաքապետարանն արել է հնարավորը, որպեսզի անակնկալներով լի ու տոնական շնչով առլեցուն լինեն նաև ամանորյա միջոցառումները:
«Ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես մենք ջանացել ենք, որ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի համար լինեն հետաքրքիր, տպավորիչ և հիշարժան:
Ամենատարբեր միջոցառումներ են նախատեսված ոչ միայն Հանրապետության հրապարակում, այլև բոլոր վարչական շրջաններում: Ծրագրում նաև հետաքրքիր անակնկալներ կան մեր փոքրիկների համար, որոնք առաջին անգամ են լինելու: Այս պահին արդեն գեղեցիկ տոնական լուսավորությամբ զարդարված են մայրաքաղաքի բոլոր գլխավոր ու հիմնական փողոցները»,- ընդգծել է քաղաքապետը:
Մայրաքաղաքի տոնական ձևավորման հարցում քաղաքապետը առանձնակի կարևորել է նաև մասնավոր հատվածի ակտիվ մասնակցությունը՝ ընդգծելով, որ այն ևս դարձել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության լավագույն օրինակներից մեկը:
Համոզված եմ, որ այս օրերին թե՛ մեր բնակիչները և թե՛ մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան բարձր տրամադրությամբ, լիարժեք վայելելու Ամանորը: Առիթն օգտագործելով ուզում եմ շնորհավորել բոլորիս գալիք տոների առթիվ և մաղթել, որ նոր տարին լինի խաղաղության, հաջողության և երջանկության տարի»,- նշել է Տարոն Մարգարյանը:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանը հայտարարել է «Ամենագեղեցիկ տոնական ձևավորման» մրցույթ, որի շրջանակում յուրաքանչյուր վարչական շրջանից կընտրվեն լավագույն ձևավորում իրականացրած կազմակերպությունները, ինչպես նաև քաղաքացիները, ովքեր տոնական տեսք կհաղորդեն իրենց պատշգամբներին: Բացի այդ, կխրախուսվեն նաև կրթական ու մշակութային այն հաստատությունները, որոնք լավագույնս կձևավորեն իրենց շենքերի արտաքին տեսքը։ Լավագույնները կարժանանան Երևանի քաղաքապետի պատվոգրերի և հատուկ խրախուսական մրցանակների։
Հանրապետության հրապարակում մեկնարկած հանդիսությունն ուղեկցվել է տոնական համերգով ու ավարտվել հրավառությամբ: Տոնախմբող բնակիչներին ու մայրաքաղաքի հյուրերին իրենց կատարումներով ողջունել են հայ էստրադայի սիրված երգիչներն ու մանկական երգչախմբերը:
Լուսանկարները` Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 76+
76+
Նմանատիպ նյութեր
3634 դիտում
18:06 23-12-2021
Այսօր երեկոյան ժամը 19:00 հանրապետության հրապարակում կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը
1528 դիտում
20:35 19-12-2023
Հանրապետության հրապարակում վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը
Այս բաժնից
877 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
892 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»