Հանրապետության հրապարակում քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ՝ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ տեղի ունեցավ Երևանի ամանորյա ձևավորման լույսերի և գլխավոր տոնածառի լույսերը միացնելու հանդիսավոր արարողությունը, որով էլ տրվեց մայրաքաղաքի տոնական միջոցառումների մեկնարկը։
Միջոցառումը շարունակվեց էստրադային համերգային ծրագրով, որին մասնակցում էին հանրահայտ երգիչ-երգչուհիներ։
Ամանորի օրերին մայրաքաղաքը հագեցած է լինելու տոնական միջոցառումներով. վարչական բոլոր շրջանների կենտրոնական հրապարակներում՝յուրաքանչյուրում մեկական օր, մինչև հունվարի 13-ը, տոնածառերի մոտ կանցկացվեն տոնական համերգներ ու տարբեր միջոցառումներ։
Դեկտեմբերի 23-ին, ժամը 17:00-ին Կարապի լճում հանդիսավորությամբ բացվելու է սահադաշտը:
Նոր տարին դիմավորելու տոնակատարությունը Հանրապետության հրապարակում մեկնարկելու է դեկտեմբերի 31-ի երեկոյան և շարունակվելու է մինչև կեսգիշերն անց. ճիշտ կեսգիշերին տարեմուտը նշանավորվելու է ամանորյա մեծ հրավառությամբ։
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի