211652_close_icon
views-count780 դիտում article-date 16:06 10-12-2015

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Արգենտինայի Հայոց թեմի առաջնորդի հետ

Աշխատանքային այցով Արգենտինայում գտնվող ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին այցելել է Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր տաճար, հանդիպել Հայ Առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի թեմի առաջնորդ Տեր Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանին եւ թեմական խորհրդի անդամներին: Հանդիպմանն Էդուարդ Շարմազանովը կարեւորել է հայապահպանության գործում Հայ Առաքելական եկեղեցու եւ մասնավորապես Արգենտինայի Հայոց թեմի դերը: Զրուցակիցներն անհրաժեշտ են համարել քրիստոնեական ավանդական արժեքների տարածումը Սփյուռքի երիտասարդության շրջանում եւս: ԱԺ փոխնախագահը հերթական անգամ նշել է, որ հոգեւոր արժեքները մեր օրերում պաշտպանության կարիք ունեն: Էդուարդ Շարմազանովն անթույլատրելի է համարել ինչպես Ջուղայի խաչքարերի, այնպես էլ Մերձավոր Արեւելքում հայկական քրիստոնեական մշակութային կոթողների ոչնչացումը: ԱԺ փոխնախագահը եկեղեցու բակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին: Էդուարդ Շարմազանովը նույն վայրում Արցախի հերոս ազատամարտիկների հիշատակին կառուցված հուշաքարի մոտ լռությամբ ու խոնարհումով է հարգել նաեւ hերոսամարտում զոհվածների հիշատակը:

Նմանատիպ նյութեր