211652_close_icon
views-count1002 դիտում article-date 15:54 27-11-2015

Երիտասարդների համահայկական համաժողովում քննարկվեցին երիտասարդության հիմնախնդիրները

Նոյեմբերի 27-ին մեկնարկել է «Ապագա» խորագրով երիտասարդների համահայկական երկրորդ համաժողովը, որին մասնակցում են Հայաստանի, Արցախի և սփյուռքի հայկական երիտասարդական կազմակերպությունների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Համաժողովը բացվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի ուղերձով, որը համաժողովի պատվիրակներին փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը։ Համաժողովի բացմանը ողջույնի խոսքով ելույթ ունեցան ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահ Արամ Սարգսյանը, Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցության նախագահ Անի Մխիթարյանը։ Համաժողովի թեմատիկ քննարկումների ընթացքում «Երիտասարդական հիմնախնդիրները և երիտասարդական քաղաքականությունը ՀՀ-ում» թեմայով հանդես եկավ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանը։ Նա ներկայացրեց բոլոր այն առաջնահերթությունները, որոնք ՀՀ պետական երիտասարդական քաղաքականության հիմքում են։ Պարոն Ավագյանն ընդգծեց, որ երիտասարդների հիմնախնդիրները չպետք է տարանջատել հասարակության ընդհանուր պրոբլեմներից։ «Մենք սոցիալական խնդիրները պետք է լուծենք հանրության բոլոր շերտերի համար, այդ թվում՝ երիտասարդության»,- ասաց Կարեն Ավագյանը։ Նա, մեջբերելով վերջերս ԿԳՆ կողմից անցկացված հարցումների արդյունքները, նշեց, որ երիտասարդության շրջանում ամենամեծ հիմնախնդիր այսօր համարվում է գործազրկությունը։ Ըստ պարոն Ավագյանի՝ պատճառը մասնագիտական ոչ ճիշտ կողմնորոշումն է, մինչ մասնագիտություն ընտրելն աշխատաշուկան ոչ հանգամանորեն ուսումնասիրելը, ինչպես նաև ստացած մասնագիտությանը լավագույնս չտիրապետելը։ Այսօր կան բազմաթիվ թափուր աշխատատեղեր, որոնք այդպես էլ չեն լրացվում՝ բարձրակարգ մասնագետների պակասի պատճառով։ Նա ընգծեց, որ կրթված, գիտելիքներով և հմտություններով զինված մարդը միշտ տեղ ունի։ Կարեն Ավագյանը, խոսելով Հայաստանում կրթական ոլորտի առանձնահատկությունների մասին, հատկապես ընդգծեց վերջին տարիներին մեծ տեղ տրվող կարևորագույն կոմպոնենտին. աշակերտներին, ուսանողներին սովորեցնում են՝ ինչպես սովորել, ինչն ավելի արդյունավետ է դարձնում գիտելիքի ձեռբերման գործընթացը։ Այս մեթոդը շատ կարևոր է տեղեկատվական հսկայական հոսքերի մեջ։ Կարեն Ավագյանը շեշտեց, որ մենք պետք է կարողանանք փոխել մեզ մոտ ձևավորված կաղապարները՝ մի բան է ակնկալել, թե դասախոսը գիտելիքը կծամի ու կմատուցի քեզ, այլ բան է, երբ պատանին կամ երիտասարդն ինքն է փորձում կրծել գիտության գրանիտը։ Երկրորդ տարբերակն այսօր ավելի ընդունելի ու արդյունավետ է։ Կարեն Ավագյանը խոսեց նաև երիտասարդ ընտանիքներին, մասնագետներին բնակարաններով ապահովելու պետական ծրագրի, երիտասարդ գիտնականներին, հասարակական կազմակերպություններին աջակցման մասին և այլն։ Նշենք, որ «Ապագա» խորագրով երիտասարդների համահայկական երկրորդ համաժողովը կազմակերպել են ՀՀ սփյուռքի նախարարությունը, Ռուսաստանի հայերի միությունը, «Գալուստ Կյուլպենկյան» հիմնարկությունը և Նիժնի Նովգորոդի «Իմաստ» երիտասարդական ընկերակցությունը։ [b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամ [/b]

Նմանատիպ նյութեր