Իրանի նախագահ Ռուհանին չեղյալ է հայտարարել Ֆրանսիա կատարելիք իր այցը
Իրանի նախագահ Հասան Ռուհանին չեղյալ է հայտարարել ծրագրված իր այցը Ֆրանսիա՝ կապված նախօրեին Փարիզում իրականացված մի շարք ահաբեկչությունների հետ: Այդ մասին հայտնել է Իրանի պետական հեռուստաալիքը:
Այդ կապակցությամբ Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ եվրոպացի գործընկերների հետ համաձայնեցված այցը տեղափոխվում է մեկ այլ՝ համապատասխան օր:
Իրանի նախագահը նաև իր ցավակցությունն է հայտնել Ֆրանսիայի նախագահին, իսկ արտգործնախարար Զարիֆը նշել է, որ ահաբեկչության դեմ պայքարելու համար պետք է միջազգային հանրության համախմբվածությունը:
Հիշեցնենք, որ Փարիզի 6 շրջաններում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյուններին զոհ է գնացել 150-ից ավելի մարդ, վիրավորների թիվը անցնում է 200-ը:
Ֆրանսիայում արտակարգ դրություն է հայտարարվել: