211652_close_icon
views-count2062 դիտում article-date 08:39 10-11-2015

Հայաստանի իշխանական շրջանակների ներկայացուցիչները Լավրովի այցից ոչ թե ոգևորված են, այլ անհանգստացած. «168 ժամ»

«168 ժամ» թերթում կարդում ենք. «Ինչո՞ւ էր Հայաստան ժամանել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Ոչ երեկ Երևանում կայացած նրա հանդիպումների մասին պաշտոնական հաղորդագրություններում, ոչ էլ մամուլի ասուլիսում հնչած հայտարարություններում այդ հարցի պատասխանը, բնականաբար, չտրվեց: Նրա այցելության հետ կապված փորձագիտական, քաղաքական շրջանակներում քննարկվում են բազմաթիվ, հաճախ հակադիր ու իրարամերժ կարծիքներ, որոնց, սակայն, միավորում է այն, որ Լավրովը Հայաստան էր եկել ինչ-որ լուրջ առաքելությամբ՝ Հայաստանի իշխանությանն ինչ-որ բան համոզելու/պարտադրելու կամ Հայաստանից ինչ-որ զիջում ստանալու/կորզելու համար: Լավրովի այցին նախորդած ու դրա ընթացքում հնչող այս գնահատականներն ու կարծիքները լավագույնս ցույց են տալիս հայ-ռուսական հարաբերությունների իրական որակը, ավելի ճիշտ՝ դրանցում որակի բացակայությունը: Խոսքը «թղթով» Հայաստանի ռազմավարական դաշնակից երկրի արտգործնախարարի այցի մասին է, որը նորմալ պայմաններում կամ պետք է ընդունվեր՝ որպես աշխատանքային, ընթացիկ այցելություն, կամ, ավելի լավ սցենարով՝ որպես հայ-ռուսական հարաբերություններում որևէ դրական տեղաշարժ արձանագրելու, երկու երկրների, այդ թվում՝ Հայաստանի շահերից բխող պայմանավորվածություններ ձեռք բերելուն ուղղված այց: Բայց այդպիսի ընկալում պարզապես գոյություն չունի, և բոլորը, այդ թվում՝ անգամ Հայաստանի իշխանական շրջանակների ներկայացուցիչները Լավրովի այցից ոչ թե ոգևորված են, այլ անհանգստացած, բոլորը գիտեն կամ զգում են, որ Լավրովը եկել է ինչ-որ բան «տանելու»: «Տանելը», իհարկե, պետք է հասկանալ փոխաբերական իմաստով: Ավելի տեղին են, թերևս, «թույլ չտալ» կամ «կանխել» արտահայտությունները: Ներկայումս Հայաստանի շուրջ կատարվում են բավական դինամիկ զարգացումներ՝ սկսած Իրանի նկատմամբ արեւմտյան պատժամիջոցների վերացումից հետո առաջացած նոր հնարավորություններից, մինչեւ ՆԱՏՕ-ի ակտիվացում մեր տարածաշրջանում (ի դեպ, հենց երեկ, գրեթե Լավրովի այցին զուգահեռ՝ Երևանում ընթանում էր «ՆԱՏՕ-Հայաստան համագործակցություն. նոր նպատակներ և հեռանկարներ» բազմիմաստ խորագրով խորհրդաժողովը, որի ընթացքում բավական ուշագրավ հայտարարություններ են հնչել Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ): Այդ և բազմաթիվ այլ իրողություններ Հայաստանի համար նոր հնարավորություններ ու հեռանկարներ են ստեղծել, որոնց իրացումը բխում է Հայաստանի պետական շահերից՝ միաժամանակ հակադրվելով Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերին: Այնպես որ, Լավրովի այցի ամենամեծ խնդիրն այն է, որպեսզի հանկարծ Հայաստանի իշխանությունն անգամ չմտածի օգտագործել նոր հնարավորությունները՝ Հայաստանի շահերը սպասարկելու նպատակով: Թե կոնկրետ ի՞նչ դրսևորումներ կստանան այս այցի արդյունքները, տեսանելի կլինի առաջիկայում՝ Հայաստանի իշխանությունների գործողություններից, որոշ դեպքերում՝ նաև գործողությունների բացակայությունից»:

Նմանատիպ նյութեր