26201 դիտում
16:38 29-10-2015
Արտակարգ դեպք Աշտարակում. 25-ամյա կինը հրաշքով է փրկվել հոսանքահարումից. բնակիչները մեղադրում են Աշտարակի քաղաքապետին ու էլեկտրոցանցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Աշտարակ քաղաքի Տիգրան Մեծի 25բ շենքի 4-րդ հարկի մոտ 20-ից ավելի բնակարանների բնակիչներ հայտնվել են անելանելի վիճակում:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում 25-ամյա Մարիամ Գաբրիելյանն ասում էր. «Էլեկտրաէներգիայի հաշվիչները տեղադրված են 4-րդ հարկի միջանցքում: Մոտեցա, որ ցուցիչը նայեմ, հոսանքահարվեցի ու ընկա: Աչքերս բացեցի ու տեսա՝ հարևաններով շրջապատված եմ»:
Բնակիչներն արդարացիորեն բարձրաձայնում էին, որ Արագածոտնի մարզպետարանն ու Աշտարակի քաղաքապետարանը երկար տարիներ խոստանում են, որ շենքի տանիքը կվերանորոգվի, սակայն «սայլը տեղից չի շարժվում»:
«Ամեն անգամ, երբ անձրևոտ եղանակ է, միջանցքի ողջ երկայնքով դույլեր ենք շարում: Որոշ դեպքերում չենք էլ հասցնում նույնիսկ դույլերի ջուրը դատարկել, պանելների արանքով ողջ ջուրը լցվում է սենյակներով: Եղել են նաև արտակարգ դեպքեր, երբ երեխաները հոսանքահարումից հրաշքով են փրկվել: Աշտարակի քաղաքապետի ընտրությունների քարոզարշավի ժամանակ քաղաքապետը, երբ եկավ մեր շենք, նայեց ու զարմացած ասաց. «Էս ի՞նչ անմարդկային պայմաններում՝ քարե դարում եք ապրում: Քաղաքապետ ընտրվելուց անմիջապես հետո խնդիրը լուծելու եմ: Ընտրվավ, գնաց, մոռացավ իրա տված խոստումները:
Գնացինք իրա մոտ, մունաթ-զունաթ էկավ մեր վրա՝ ասելով, թե՝ ի՞նչա, եկել եք, ասեք, որ սուտասա՞ն եմ: Ես բան չեմ կարա անեմ: Ես անզոր եմ:
Մեր միակ սփոփանքը նա է, որ 20 տարուց ավելի է, բնակվում ենք էս շենքում ու ոչ մի վճարում չենք կատարում: Բայց դա չի նշանակում, որ պետք է մատնվենք բախտի քմահաճույքին: Անչափահաս տղաներ ունեմ, ովքեր ապագա զինվոր են: Բայց, եթե էսպես շարունակվի, էս տղերքը հիվանդություններ են ձեռք բերելու ու բանակին պետք չգան: Եթե դա է իրանց ուզածը, ապա մենք չենք ուզում»,-ասաց Մ. Գաբրիելյանը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը հայտնեց, որ բնակիչները երկար տարիներ ապօրինի զավթել են գիշերօթիկ դպրոցի այդ հարկերը ու մի քանի անգամ իրենց ժամանակ են տվել, որպեսզի շենքը ազատեն, սակայն նրանք ոչ միայն չեն ազատում, այլ նաև հրաժարվում են մասնակցել շենքի վերանորոգման աշխատանքներին:
Մարզպետարանը նախահաշվարկ է արել և տանիքը ամբողջովին վերանորորգելու գումարը կազմում է մոտ 45 մլն դրամ: Բնակիչներն էլ սպառնում էին, որ եթե կարճ ժամանակում խնդիրը չլուծվի, ապա իրենք դիմելու են այս անգամ կառավարությանը, քանի որ հույս չունեն, որ Արագածոտնի մարզպետարանն ու Աշտարակի քաղաքապետարանը տանիքը կվերանորոգեն: Նրանք նաև ասում էին. «Համաձայն ենք, թող տանիքը իրենք վերանորոգեն, մենք ներսում արդեն մեր ուժերով վերանորոգումը կանենք»:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված հարկերը չունեն անգամ սանհանգույց, իսկ եղածն էլ, կարելի է ասել, իր դարն ապրել է: Ամբողջովին տիրում է հակահիգիենիկ ու հակասանիտարական վիճակ, տիրում է նաև գարշահոտություն:
Քիչ առաջ ժամանած էլեկտրիկ Ջիվանը մեծ դժվարությամբ կարողացավ հոսանքալարերի վրա առաջացած կրակը մարել, սակայն բնակիչները պնդում էին, որ էլեկտրականության նման վթարներ հաճախակի են տեղի ունենում, ուղղակի փառք են տալիս Աստծուն, որ զոհեր և վիրավորներ չեն ունենում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+