Օբաման հուսահատությունից փորձում է փոխել մարտավարությունը Սիրիայում. The Guardian
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հուսահատության մեջ փորձում է փոխել Սիրիայում իր մարտավարությունը՝ հուսալով, որ այն կվերականգնի ԱՄՆ-ի հեղինակությունը «Իսլամական պետության» դեմ պայքարի և նախագահ Բաշար Ասադի ռեժիմը տապալելու անհաջող փորձերից հետո, գրում է The Guardian-ը:
Թերթը նշում է, որ այդ փոփոխությունը մտավախության թելադրանք է, որ Ռուսաստանը և Իրանը կարող են խլել ԱՄՆ-ից Մերձավոր Արևելքում նրա ազդեցությունը, իսկ Օբամայի բոլոր ձեռքբերումները կվերածվեն քաոսի և անկայունության:
Ներկա պահին Սպիտակ Տունը դիտարկում է ռազմական նոր գործողությունների հնարավորություն: Այդ միջոցառումներն ընդգրկում են Սիրիայում հատուկ զորքերի սահմանափակ թվի և Իրաքում հարվածային ուղղաթիռների տեղակայում: Բացի այդ, Վաշինգտոնը չի բացառում Սիրիայում քուրդ զինյալների հետ համագործակցության հնարավորությունը: Ակդ կապակցությամբ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն կենտրոնացած է 3 «Ռ»-ի վրա՝ Ռաքքե (Սիրիայում ԻՊ-ի կարևորագույն կետը), Ռամադի (ահաբեկիչների կողմից զավթված իրաքյան Ամբար նահանգի մայրաքաղաքը) և ռեյդերի անցկացում:
Հոդվածի հեղինակը նշում է, որ Մերձավոր Արևելքում իր քաղաքականությունը վերանայելու մասին Օբամայի որոշումն ամենևին էլ չի նշանակում, որ նա կհրաժարվի շրջանում ուղիղ ցամաքային գործողություններից խուսափելու իր խոստումից և նաև չի նշանակում, որ Օբաման կվերականգնի ռազմական գործողությունները Իրաքում: