211652_close_icon
views-count787 դիտում article-date 20:29 28-10-2015

Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցն Իտալիայի Ռեջիո Էմիլիա քաղաք

Հոկտեմբերի 23-ին կայացավ Իտալիայում ՀՀ դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Ռեջիո Էմիլիա քաղաք: Դեսպանը ներկա գտնվեց գերմանացի գրող և իրավապաշտպան Արմին Վեգների Հայոց ցեղասպանության օրերին արված լուսանկարների՝ «Արմին Տեոֆիլ Վեգները և Անատոլիայի հայերը» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացման արարողությունը: Այնուհետև դեսպան Ղազարյանը մասնակցեց «Մեծ եղեռն. Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը» խորագրով գիտաժողովին, որը կազմակերպվել էր Ռեջիո Էմիլիայի քաղաքապետարանի կողմից: Գիտաժողովին ելույթներ ունեցան դեսպան Սարգիս Ղազարյանը, Հայաստանի հետ խորհրդարանական բարեկամության խմբի հիմնադիր սենատոր Ալբերտինա Սոլիանին, “Istoreco” ինստիտուտի փոխնախագահ Տիցիանա Ֆոնտանեզին և այլոք: Բանախոսները ընդգծեցին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդը, թուրքական ժխտողականությունը, նոր ցեղասպանությունների կանխարգելման անհրաժեշտությունը: Ցուցահանդեսն ու գիտաժողովը եզրափակեցին Ռեջիո Էմիլիայում մեկ ամիս տևած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները, որոնք ներառում էին գիտաժողովներ, գրքերի շնորհանդեսներ, ցուցահանդեսներ և համերգներ: Այնուհետև Ռեջիո Էմիլիայի “UNINDUSTRIA” ձեռնարկատերերի ասոցիացիայում կայացավ դեսպան Սարգիս Ղազարյանի հանդիպումը ասոցիացիայի նախագահական հանձնաժողովի և տնօրենների խորհրդի անդամների հետ: Դեսպանն իտալացի գործարարներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական վիճակը և ներդրումային դաշտը, Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ կապված տնտեսության զարգացման նոր հեռանկարները և Եվրոպական միության հետ առևտրատնտեսական կապերը: Այնուհետև կայացավ Սարգիս Ղազարյանի հանդիպումը Ռեջիո Էմիլիայի “Legacoop” կոոպերատիվների միության նախագահ Լուկա Բոսիի հետ: Հանդիպումից հետո միության անդամներին ներկայացրեց Հայաստանի գործարար միջավայրն ու ներդրումային դաշտը, բիզնեսի զարգացման և ներդրումների համար ստեղծված նպաստավոր պայմանները, Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության ընձեռած հնարավորությունները: Այցի շրջանակներում դեսպան Ղազարյանը հարցազրույց տվեց տեղական RAI հանրային հեռուստատեսությանը:

Նմանատիպ նյութեր