211652_close_icon
views-count2034 դիտում article-date 15:28 15-08-2015

Դեսպան Ղազարյանի աշխատանքային այցը Զամոսչ քաղաք

Օգոստոսի 13-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյան այցելեց Լեհաստանի Զամոսչ քաղաք: Այցի ընթացքում դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ քաղաքապետ Անդժեյ Վնուկի հետ: Հանդիպման ընթացքում դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց քաղաքապետին` Զամոսչում գտնվող եզակի հայկական մշակութային ժառանգության հանդեպ ցուցաբերած հոգատար վերաբերմունքի համար: Զրուցակիցները քննարկեցին նաև Հայաստանի և Լեհաստանի համայնքների միջև ապակենտրոնացված համագործակցության և այդ գործընթացում Զամոսչ քաղաքի մասնակցության հնարավորությունները և հեռանկարները: Այնուհետև դեսպան Ղազարյանը Զամոսչի թանգարանի տնօրեն Անդժեյ Ուռբանսկու ուղեկցությամբ շրջայց կատարեց դեռևս 1992 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում ներառված Զամոսչի հին քաղաքի կենտրոնական մասում, այցելեց վերանորոգված «Արսենալ» թանգարան, ծանոթացավ քաղաքի պատմությանը: Դեսպանն այցելեց նաև քաղաքի կենտրոնում գտնվող Հայկական փողոց և այն տները, որտեղ ժամանակին ապրել են մեծ թվով հայեր՝ ծանոթանալով քաղաքի զարգացմանն իրենց նշանակալի ավանդը բերած հայերի պատմությանը: Նույն օրը դեսպան Ղազարյանը Զամոսչի քաղաքապետ Վնուկի հետ մասնակցեց Զամոսչի թանգարանում նոր հայկական ցուցադրության բացման արարողությանը, որի ընթացքում հանդես եկավ ելույթով: Իր խոսքում դեսպանը նշեց, որ յուրաքանչյուր անգամ մեծ հպարտությամբ է խոսում հայ և լեհ ժողովուրդների դարավոր բարեկամության մասին, իսկ Զամոսչ քաղաքը և վերաբացված ցուցադրությունը դրա կենդանի և վառ ապացույցներից են: Դեսպան Ղազարյանը հիշատակեց նաև այն իրողությունը, որ 2013 թվականի հունիսի 26-ին Զամոսչ էր այցելել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ Լեհաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ իր հանդիպումը կազմակերպելով հենց այդ պատմական քաղաքում:

Նմանատիպ նյութեր