211652_close_icon
views-count1138 դիտում article-date 22:02 22-10-2015

Մոսկվայում մեկնարկող ցեղասպանագիտական միջազգային գիտաժողովը հնարավորություն կտա գրավել ռուսական գիտական շրջանակների ուշադրությունը

Հարցազրույց ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի հետ Ռուսաստանում կայանալիք ցեղասպանագիտական գիտաժողովի մասին: [b]- Պարոն Մանուկյան, ո՞վքեր են գիտաժողովի կազմակերպիչները: [/b] - Միջազգային գիտաժողովի կազմակերպիչներն են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը և Հայ առաքելական եկեղեցու Նոր Նախիջևանի ու Ռուսաստանի հայոց թեմը: Գիտաժողովն ընթանալու է 2015 թ. հոկտեմբերի 23-24-ը, Մոսկվայի հայկական վանական համալիրում, ինչն ավելի խորհրդանշական է՝ հաշվի առնելով գիտաժողովի խորագիրը՝ «Ցեղասպանությունն իբրև մարդկության դեմ ուղղված հոգևոր-բարոյական հանցագործություն»: [b]- Այս տարի ՀՑԹԻ ներկայացրեց մի շարք գիտական միջոցառումներ, հանդես եկավ նոր նախաձեռնություններով: Դրանցից խոշորագույնը կարևորության առումով, թերևս, Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ գիտաժողովի կազմակերպումն էր Հայաստանում: Ո՞րն է նոր ձեռնարկի կարևորությունը այս տարվա գիտական միջոցառումների շարքում: [/b] - Այս գիտաժողովը շատ կարևոր տեղ է գրավում 2015թ. տեղի ունեցած միջազգային գիտական միջոցառումների շարքում մի քանի պատճառով: Նախ, այն տեղի է ունենում Մոսկվայում, ինչը հնարավորություն է տալիս գրավել ռուսական գիտական շրջանակների ուշադրությունը: Ռուսաստանում, ցավոք, ցեղասպանագիտությունը որպես գիտական ոլորտ դեռևս այդքան էլ զարգացած չի, և մենք հույս ունենք, որ այս գիտաժողովը թույլ կտա որոշակիորեն փոխել իրավիճակը: Մեզ համար դա կարևորագույն խնդիր է: Գիտաժողովը նաև կարող է զարկ տալ հենց Մոսկվայում հայոց ցեղասպանության ուսումնասիրման հարցին: Այն կարող է հետաքրքրություն առաջացնել մոսկվաբնակ հայ երիտասարդների մոտ՝ Հայոց ցեղասպանության թեման իրենց հետազոտության առարկա դարձնելու համար: Եվ վերջապես, այն լինելու է յուրօրինակ ավարտական գիտաժողով, որտեղ այլ հարցերի հետ մեկտեղ նաև փորձ է կատարվելու ամփոփել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Պատահական չէ, որ ծրագրում կան նաև այդ թեմայով զեկույցներ: [b]-Ովքե՞ր են մասնակցում գիտաժողովին և ի՞նչ թեմաներ են արծարծվելու: [/b] - Մասնակիցների կազմը շատ ներկայացուցչական է՝ մոտ երեք տասնյակ անվանի հայագետներ և ցեղասպանագետներ աշխարհի 15 երկրից, այդ թվում՝ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության երկու նախագահներ՝ ներկայիս նախագահ Էնդրյու Վուլֆորդը և նախկին նախագահ Ալեք Հինթոնը: Երկօրյա գիտաժողովում հնչելու են զեկույցներ տարբեր ցեղասպանությունների մասին, հատկապես Հայոց ցեղասպանության պատմության և վավերագրերի, Մեծ Եղեռնի և դրա հետևանքների հաղթահարման ժամանակ Հայ առաքելական եկեղեցու դերի, Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական դիտանկյունների մասին, գրականության, կերպարվեստի, կինոարվեստի, երաժշտության մեջ Հայոց ցեղասպանության թեմայի արտացոլման և այլ ակտուալ խնդիրների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր