211652_close_icon
views-count14941 դիտում article-date 16:31 17-10-2015

Արտակարգ դեպք Աբովյանում. տուժածը հայտարարում է, որ վարորդը վրաերթից հետո սպառնացել է, որ իրեն կսպանի

Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 8-ին Աբովյան քաղաքում տեղի ունեցած վրաերթի և սպանության սպառնալիքի փաստով: Ժամը 15:50-ի սահմաններում Աբովյանի բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել ոստիկանության Կոտայքի բաժին, որ «ձախ ճաճանչոսկրի տիպիկ տեղի փակ բեկորային կոտրվածք՝ տեղաշարժով, մարմնի տարբեր մասերի և դեմքի քերծվածքներ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել Նոր Հաճըն քաղաքի Ազատամարտիկների 1-ին փողոցի բնակիչ, 57-ամյա Մարիամ Անգարյանը: Հիվանդանոց մեկնած ոստիկաններին վերջինս հայտնել է, թե վնասվածքը ստացել է Աբովյան քաղաքում, հին կինոյի շենքի տարածքում վայր ընկելու հետևանքով: Իսկ նյութերի նախապատրաստման ընթացքում հայտնել է, թե վնասվածքը ստացել է Աբովյան քաղաքում «Դավոնիկ» հագուստի խանութի դիմաց վայր ընկնելու հետևանքով: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ արդեն հոկտեմբերի 16-ին Նոր Հաճընի բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին հայտնել են, որ «ձախ դաստակի տիպիկ տեղի կոտրվածք՝ հարցականով, ձախ կոնքազդրային շրջանի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ այս անգամ Մ. Անգարյանը բուժօգնության է դիմել այնտեղ: Այնտեղ էլ հայտարարել է, որ վնասվածքը ստացել է Աբովյան քաղաքի հին կինոյի շենքի մոտ ավտոմեքենայի ստացած հարվածից: Երեկ՝ հոկտեմբերի 16-ին, Կոտայքի ոստիկաններին Մ. Անգարյանը հատնել է, որ հոկտեմբերի 8-ին, ժամը 13:00-ի սահմաններում, Աբովյան քաղաքի հին կինոյի խաչմերուկի բանուկ հատվածն անցնելու ժամանակ իրեն հարվածել է անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան, որից հետո վարորդը իրեն տարել է անծանոթ մի տուն, որտեղ սպառնացել է, որ եթե կատարվածի մասին ոստիկանությանը տեղեկացնի, ապա նա իրեն կսպանի: «Ես էլ ստիպված վախի ազդեցության տակ և հիվանդանոցում, և ոստիկանությունում նախկինում հայտնել եմ, որ վնասվածքը ստացել եմ ընկնելու հետևանքով»,-ասել է Մ. Անգարյանը: Ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցները, ձեռնարկելով օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ Մ. Անգարյանին վրաերթի է ենթարկել Աբովյան քաղաքի 4-րդ փողոցի բնակիչ, 24-ամյա Վահե Ադամյանը, ով երեկ մեղայականով ներկայացել է Կոտայքի ոստիկանություն և տվել խոստովանական բացատրություն ու հայտնել, որ վրաերթը կատարել է իր վարած Toyota Yaris մակնիշի 34 ՍF 705 համարանիշի ավտոմեքենայով: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր