211652_close_icon
views-count790 դիտում article-date 20:18 16-10-2015

Փարիզի Petit Palais թանգարանում տեղի ունեցավ ՀՀ Ազգային տոնի պաշտոնական ընդունելություն

Հոկտեմբերի 14-ին Փարիզի հռչակավոր Petit Palais թանգարանում Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ տեղի ունեցավ ՀՀ Ազգային տոնի պաշտոնական ընդունելությունը: Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Շարլ Ազնավուրի հրավերով միջոցառմանը մասնակցեցին հազարավոր հյուրեր, որոնց թվում էին Ֆրանսիայի բարձրաստիճան պաշտոնյաներ, հարյուրից ավելի պատգամավորներ, սենատորներ, տեղական մարմինների ղեկավարներ, Հայաստանի և Արցախի բարեկամ քաղաքական գործիչներ, Ֆրանսիայում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում մշտական ներկայացուցիչներ, ֆրանսիացի հայտնի հասարակական և մշակութային գործիչներ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների ղեկավարներ և անդամներ: Հանդիսավոր միջոցառմանը ներկա գտնվեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնը, Եվրոպական հարցերով պետնախարար Առլեմ Դեզիրը, Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Իլ-դը-Ֆրանս շրջանի նախագահ Ժան Պոլ Հյուշոնը։ Դեսպան Վիգեն Չիտեչյանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոս Նիկոլայ Սարկիսովը ուղջունեցին բարձրաստիճան հյուրերին, ինչին հաջորդեց ընդունելության պաշտոնական մասը՝ թանգարանի հյուրընկալությունների սրահում: ՀՀ դեսպանը հանդես եկավ Ազգային տոնի պաշտոնական ուղերձով, որում, մասնավորապես, նշեց. «Խորհրդանշական այս տարում, երբ մենք հիշատակում ենք Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը, անկախության օրը յուրահատուկ նշանակություն է ձեռք բերում: Այն ցեղասպանության զոհերին և Եղեռնը վերապրած մեր բոլոր նախնիներին ուղղված հայտարարության օրն է. «Մեզ ուզում էին բնաջնջել, վերացնել աշխարհի քարտեզից, բայց մենք մնացինք կանգուն: Հաղթահարելով բազում դժվարություններ՝ մենք ունենք անկախ, ինքնիշխան Հայաստան և սեփական պատմությանն ու արմատներին հավատարիմ ժողովուրդ սփռված ողջ աշխարհով»: «Մենք վստահ ենք, որ հակամարտություններով և վտանգներով լի ներկայիս աշխարհում, հայ ժողովրդի ապագայի միակ իրական երաշխիքը ինքնիշխան ու անկախ պետականությունն է: Սա է մեր Անկախության գլխավոր նպատակը: Լինելով մարդկության դեմ հանցագործության զոհ՝ հայ ժողովուրդն իր պարտքն է համարում մշտապես լինել հանուն մարդկության մղվող պայքարի առաջին գծում: Լինել բոլոր նրանց կողքին, ովքեր պայքարում են հանուն արդարության, խաղաղության, մարդկային արժեքների, համընդհանուր ազատությունների և իրավունքների. ահա մեր Անկախության մյուս կարևորագույն նպատակը: Լինել անկախ՝ ավելի լավ աշխարհ կառուցելու գործին լիակատար մասնակցություն ունենալու համար. սա մեծ հավակնություն է մեր երիտասարդ հանրապետության համար, բայցև բարոյական պարտավորություն հայերի պես հինավուրց ժողովրդի համար», - եզրափակեց իր ուղերձը դեսպան Չիտեչյանը: Հանդիսավոր ընդունելության պաշտոնական մասին հաջորդեց մշակութային ծրագիրը` ընդունելությանը մասնակցելու նպատակով Երևանից հատուկ ժամանած Մալխաս Ջազ Բենդի ելույթով:

Նմանատիպ նյութեր