211652_close_icon
views-count11209 դիտում article-date 23:41 22-09-2016

Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն

Սեպտեմբերի 21-ին Մոսկվայի «Ռենեսանս Մոնարխ» հյուրանոցային համալիրի շքասրահում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված պաշտոնական ընդունելություն: Հանդիսավոր միջոցառմանը մասնակցեցին ՌԴ օրենսդիր և գործադիր մարմինների բարձրաստիճան պաշտոնյաներ, ՌԴ-ում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպաններ, միջազգային կառույցների ղեկավարներ, ՌԴ հասարակական և մշակութային ոլորտի անվանի գործիչներ, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, հայ համայնքային կառույցների ղեկավարներ և հասարակական ու գիտական ոլորտի անվանի հայ գործիչներ: Իր բացման խոսքում ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը ներկայացրեց օրվա խորհուրդը` ընդգծելով. «Մեր համազգային հիշողությունը լի է բազմադարյա պատմության փառավոր իրադարձություններով և տարեթվերով: Այդուհանդերձ, 1991թ.-ի սեպտեմբերի 21-ը առանձնահատուկ կարևորություն ունի՝ որպես ազգային վերածննդի և հայոց պետականության վերակերտման ձգտումների խորհրդանիշ»: Իր խոսքում դեսպանը հատուկ անդրադարձ կատարեց հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների պատմությանը և ներկա փուլին: Դեսպան Եսայանն իր երախտագիտությունը հայտնեց նաև Ռուսաստանի հայ համայնքին՝ հայ-ռուսական երկկողմ հարաբերությունների ամրապնդման գործում ունեցած ակտիվ դերակատարության համար: ՀՀ անկախության տոնի առթիվ շնորհավորական ելույթով հանդես եկավ նաև ՌԴ Արտաքին գործերի նախարարի տեղակալ, պետքարտուղար Գրիգորի Կարասինը, ով անդրադարձավ երկու պետությունների փոխգործակցությանը՝ ընդգծելով, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկխոսությունը շարունակում է ընդլայնվել փոխադարձ վստահության մթնոլորտում: ՌԴ տրանսպորտի նախարար, հայ-ռուսական միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ռուսաստանյան կողմի համանախագահ Մաքսիմ Սոկոլովն իր շնորհավորական ուղերձում ընդգծեց նաև երկու երկրների գործադիր իշխանությունների միջև համագործակցության կարևորությունը միջպետական հարաբերությունների առավել խորացման գործում: Ընդունելությունն ուղեկցվեց սիմֆոնիկ նվագախմբի կողմից հայ դասականների ստեղծագործությունների և Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի Հայորդաց տան «Հայասա» պարային համույթի համերգային կատարումներով: Հյուրանոցային համալիրի դահլիճում կազմակերպվեց նաև լուսանկարիչ Դավիթ Հակոբյանի՝ ՀՀ անկախության հռչակման 25-ամյակին նվիրված հեղինակային լուսանկարների ցուցադրությունը, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայ ժամանակակից նկարիչների և քանդակագործների՝ Հայաստանին նվիրված աշխատանքների ցուցահանդեսը:

Նմանատիպ նյութեր