749 դիտում
16:39 15-10-2015
Կառավարությունը հաստատեց Տավուշում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Կառավարությունը հաստատել է Տավուշի մարզում վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման փորձնական ծրագրի իրականացման կարգը:
Ծրագիրը Տավուշի մարզում իրականացնելը պայմանավորված է այդ մարզում գործազրկության միջին հանրապետականից բարձր մակարդակով, սահմանամերձ համայնքների մեծ թվաքանակով, վերջին շրջանում ակտիվացած ռազմական գործողությունների հետևանքով մարզի համայնքներին հասցված նյութական վնասներով: Ծրագրի նպատակը Տավուշի մարզում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումն է, իրավիճակից բխող մարտահրավերներին արագ արձագանքող միջոցներով մարզի համայնքներին աջակցելը:
Վարչապետի խոսքով՝ սա ևս մեկ քայլ է Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովմամբ սոցիալական լարվածությունը մեղմելու հարցում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ծրագրի արդյունավետ իրականացման դեպքում, այն կլինի շարունակական:
Գործադիրը որոշել է մինչև 3 տարով հետաձգել «Տավուշ Տեքստիլ» ՍՊԸ-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:
Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է Տավուշի մարզի Չորաթան գյուղում կազմակերպել բանվորական ձեռնոցների արտադրություն, որը կնպաստի տեքստիլ արդյունաբերության ոլորտի զարգացմանը: Ընկերությունը նախատեսում է արտադրանքն ամբողջությամբ արտահանել` ստեղծելով նոր՝ մոտ 450, աշխատատեղեր: Բանվորական ձեռնոցների արտադրություն կազմակերպելու համար ընկերությունը նախատեսում է շուրջ 2.1 մլրդ ՀՀ դրամի ներդրում իրականացնել:
Նմանատիպ նյութեր
1670 դիտում
16:01 10-10-2019
Կառավարությունը հաստատեց Ընտանիքում բռնության դեպքերի կենտրոնացված հաշվառման կարգը
1518 դիտում
15:02 29-09-2022
Կառավարությունը հաստատեց դպրոցի տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը
Այս բաժնից
856 դիտում
17:23 08-11-2024
Մահացել է Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Ռուսլան Կանդաուրովը