211652_close_icon
views-count1449 դիտում article-date 19:00 15-10-2015

Անցյալ գոյություն չունի

Իրականում գոյություն ունի միայն ներկան: Անցյալ ասելով նկատի ունեն տեղի ունեցած իրադարձությունների, դեպքերի, ինչպես նաև՝ մարդկանց մասին նոթերը-հիշողությունները, արձանագրությունները, վկայությունները, պատմությունները: Անցյալի մասին պատմությունները տեղեկություններ են պարունակում անցյալի մասին և կարող են ուսանելի լինել: Այդ տեղեկություններն ուսումնասիրողների-համակարգողների և փոխանցողների շնորհիվ հնարավոր է որոշակի պատկերացում կազմել անցյալի մասին, արժևորել, դասեր քաղել: Կա կարծիք, թե անցյալը չի կրկնվում: Եվ նույն գետը երկու անգամ մտնել հնարավոր չէ, որովհետև այն անընդհատ հոսում է: Նույն կերպ հոսում է ժամանակն, ու ամեն ինչ տեղի է ունենում առաջին և միակ անգամ: Այսինքն, կրկնության պատրանք ստեղծում է երևակայությունը: Մարդը կարող է ընդամենը նմանեցնել այսօրն անցած մի օրվա հետ, կամ այսօրվա իրադարձությունը անցած մի օրվա իրադարձության հետ: Այդ նմանությունները պատրանք են, որոնք օգնությամբ հնրավոր է նախադեպային, պարզ ու հիմնավորում չպահանջող որոշում կայացնել, ինչպես նաև՝ վանել նորի, անծանոթի, վաղվա, նկատմամբ վախերը: Այս տեսակետն արձագանք է գտնում երիտասարդության շրջանում: Պատմության անկրկնելիության մասին թեզը շահարկող երիտասարդն անտեսում, արհամարում է ավագների կենսափորձը: Այս թյուրիմացության ազդեցությամբ կտրվում է սերունդների միջև կամուրջը: Եվ այն երիտասարդը, որն ամբարտավանորեն հարաժարվում է ավագների կենսափորձից, ամեն ինչ ստիպված սկսում է զրոյից: Իրականում մարդկության պատմությունն իսկապես անկրկնելի է, սակայն դա ամենևին հիմք չի տալիս արհամարելու գիտական ձեռքբերումները, քաղաքակրթական նվաճումները, ժողովուրդների կենսափորձը, քաղաքական-մշակութային ավանդույթները և մարդկային պարզ ճշմարտությունները: Հասարակական-ժողովրդական ավանդույթները պահպանող և զարգացնող հասարակությունն ուժեղ է, կենսունակ, ի վիճակի է ուրույն մշակույթ ստեղծել: Իսկ ավանդույթներ չստեղծող, եղածն էլ արհամարող հասարակությունը մշակույթ չունի և չի ստեղծում, այլ ընդամենը կապկում-նմանակում է ուրիշներին: Այս հաշվի առնելով, հանրային հարաբերություններում շատ կարևոր է ավանդույթների ձևավորումը: Դրանք նաև ազգի զարգացմանն ուղղություն են հաղորդում: Այնպես որ, ավագները, փորձառուները, հասարակական բարձր դիրք ու հեղինակություն ունեցողները, մեծահարուստները պարտավոր են իրենց կյանքի, գործունեության, հաջողության, ձեռքբերման և սխալի մասին մանրամասն պատմել մարդկանց, այսինքն՝ ինքնակենսագրական, նոթեր-հուշագրություններ, պատմություններ գրել: Դրանք կարող են առարկայական լույս սփռել իրադարձությունների վրա: Դրանք կարևոր նշանակություն ունեն նաև հասարակական-մշակութային համերաշխության, ավանդույթների ձևավորման ու զարգացման համար: Իսկ եթե նրանց կյանքի-գործի մասին իրական պատմություններն ուշանում են, ապա դրանց փոխարինում է բամբասանքը, որն աղավաղում է, արժեզրկում և ոչնչացնում անցյալը: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր