211652_close_icon
views-count2355 դիտում article-date 13:10 02-05-2019

Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ ու թոշակառուներ. Փաշինյանը զայրացավ

Կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակն անկանխիկ եղանակով ստացող կենսաթոշակառուի՝ տարեկան առնվազն մեկ անգամ բանկ ներկայանալու և Հայաստանում լինելու մասին հայտարարություն ստորագրելու վերաբերյալ դրույթները, առաջարկվում է կենսաթոշակը, նպաստը լիազորագրով վճարել 15 տարի` գործող օրենքով նախատեսված 1 տարվա փոխարեն, ուժը կորցրած ճանաչել կենսաթոշակը տասներկու ամիս անընդմեջ կենսաթոշակ չվճարելու դեպքում կենսաթոշակ վճարելը դադարեցնելու վերաբերյալ դրույթը, Գործարկել արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների մահվան փաստերի գրանցման համակարգ, օրենքն ուժի մեջ մտնելու պահին լիազոր մարմին ներկայացված և ուժի մեջ գտնվող լիազորագրերը համարվում են 15 տարով տրված: Հարցը ներկայացրեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը՝ նշելով, որ այս նախագիծն ընդունելու դեպքում՝ կավելանան բյուջետային ծախսերը. «Միայն 2019-ի ապրիլի 1-ին առկա տվյալներով կենսաթոաշակների և նպաստների վճարմանն ուղղվոծ բյուջետային ծախսերը կավելանան առնվազն 3.2 մլրդ դրամով»: Բաթոյանը նկատեց, որ լիազորագրի ժամկետը 15 տարով երկարաձգելն առանց այդ մարդու համաձայնության կարող է ռիսկեր պարունակել այլ անձանց օգնության կարիք ունեցող խոցելի խմբերի համար: Նա հավելեց, որ առարակվում է գործող օրենքները թողնել ամփոփոխ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զայրացրեց նախագիծը. «Ես լավ չեմ հասկանում էն նախագծերը, որով մեզ առաջարկում են հետ գնալ: Այս իրավիճակն առաջացել է այն բանի արդյունքում, երբ պարզվել է, որ Հայաստանում տասնյակ հազարով թոշակառուներ կան, որոնք գոյություն չունեն և որոնք թոշակ են ստանում: Դրա հետևանքով պետությանը միլիարդաների վնաս է պատճառվել, հիմա մենք առաջարկում ենք միջանցքներ ստեղծել, որ էլի նույնը բանը տեղի ունենա՞: Ես բացարձակապես չեմ հասկանում այս տրամաբանությունը»: Փաշինյանի խոսքով, պետք է մարդկանց օգնել, որ հավաստագրումը իրենց համար ավելի հեշտ տեղի ունենա, բայց դա պետք է անել առաջ գնալու ճանապարհով, ոչ թե հետ գնալու. «Մինչև այսօր Հայաստանում գոյություն ունեն գոյություն չունեցող նպաստառուներ: Մեզնից շատ մեծ ջանքեր է պահանջվում էդ համակարգի հետևից գնալու համար: Փոխանակ առաջ գնանք, ամեն ինչ անում ենք, որ հետ գնանք, փոխանակ մտածենք, թե ոնց անենք, որ գոյություն չունեցող նպաստառուներ գոյություն չունենան, ասում ենք՝ եկեք նոր միջանցք բացենք, որ գոյություն չունեցող թոշակառուներ գոյություն ունենան: Փոխանակ մտածենք, թե ոնց անենք, որ հայտնվենք 2030 թվին հնարավորինս շուտ, ամեն ինչ անում ենք , որ հայտնվենք 1997 թվին, չի կարելի էդպիսի բան անել», - ասաց նա՝ հավելելով, որ եթե պաշտոնյա ենք դնում, որ հաստատի՝ մարդը ողջ է, թե ոչ, նշանակում է այդ պաշտոնյային հնարավորություն ենք տալիս, որ այդ գոյություն չունեցող թոշակառուի թոշակն ինքը ստանա:

Նմանատիպ նյութեր