Արցախի վարչապետը պարգևատրել է ԱԻՊԾ մի խումբ աշխատակիցների
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 12-ին այցելել է ԱՀ կառավարության առընթեր արտակարգ իրավիճակների պետական ծառայություն և ԱԻՊԾ մի խումբ աշխատակիցների պարգևատրել հուշամեդալով և պատվոգրով:
Վարչապետն իր ելույթում շեշտադրել է, որ այցն առիթ է գնահատելու կատարված աշխատանքները և քննարկելու ծառայության հետագա անելիքները: Ա. Հարությունյանը, մասնավորապես, ասել է. «Տարին աննախադեպ էր, քանի որ ամառն ունեցել ենք խիստ հրդեհավտանգ իրավիճակ: Պետք է փրկեինք տարվա բերքը հրդեհներից, ծանր պայքար ենք մղել և կարողացել ենք պատվով դուրս գալ այդ դրությունից: Հրդեհները կանխելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են կատարվել, սակայն չենք կարող դրանք բավարար համարել: Ուստի, պարտավոր ենք սխալները հաշվի առնել և հետագա տարիներին ճիշտ ժամանակին կանխարգելիչ միջոցառումներ իրականացնել»:
Ա. Հարությունյանն այնուհետև վարչապետի հուշամեդալով և պատվոգրով պարգևատրել է ԱԻՊԾ մի խումբ աշխատակիցների՝ 2015 թվականին հանրապետությունում հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքի անկորուստ աշխատանքների իրականացմանն աջակցելու, հրդեհավտանգ իրավիճակները վերահսկելու և առաջացած հրդեհների դեմ պայքարին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար:
«Ես շատ տեղերում անձամբ եմ տեսել ձեր անձնվեր աշխատանքը, այդ պատճառով եկել եմ շնորհակալություն հայտնելու»,- հավելել է կառավարության ղեկավարը:
Ծառայության պետ Արթուր Հարությունյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին ոլորտն ուշադրության ներքո պահելու համար՝ ընդգծելով, որ ԱԻՊԾ թիմը միշտ պատրաստ է իր առջև դրված խնդիրներին սրտացավ կերպով մոտենալ և լուծումներ տալ դրանց:
Արայիկ Հարությունյանը նաև շրջել է ծառայության նոր շենքով, ծանոթացել ստեղծված պայմաններին և տվել համապատասխան հանձնարարականներ: