1029 դիտում
20:07 06-10-2015
Հայաստանը պայքարել է եւ շարունակում է պայքարել խավարի տարբեր դրսեւորումների դեմ. Շարմազանով
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի ելույթը ԱԺ հայտարարությունների ժամին
Հարգելի խորհրդարան,
Վերջին շրջանում թե՛ ներքին, եւ թե՛ արտաքին քաղաքականության օրակարգը հարուստ էր իրադարձություններով: Երկարատեւ բովանդակային քննարկումներից հետո Ազգային ժողովը ձայների գերակշռող մեծամասնությամբ հավանության արժանացրեց ՀՀ Նախագահի կողմից առաջարկված սահմանադրական բարեփոխումների նախագիծը: Չկար թեկուզ մեկ ընդդիմադիր խմբակցություն, որի ներկայացուցիչներն ամբողջությամբ դեմ քվեարկեին նախագծին: Քվեարկության պատկերն ապացուցեց, որ այս հարցի շուրջ քաղաքական կոնսոլիդացիան եւ կոնսենսուսն այլեւս իրականություն են:
Բնական է՝ կլինեին նաեւ դեմ արտահայտվողներ: Ինչպես արդեն առիթ ունեցել եմ նշելու, ամեն ինչ կորոշի ժողովուրդը հանրաքվեի միջոցով: Իսկ բոլոր նրանք, ովքեր հանրաքվեն փորձում են դիտարկել իշխանություն-ընդդիմություն հակասության համատեքստում, մեղմ ասած, թյուրիմացության մեջ են:
Հարգելի գործընկերներ,
Վերջերս տեղի ունեցավ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հոբելյանական՝ 70-րդ նստաշրջանը, որտեղ ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Դա համահայկական առաջնորդի եւ խաղաղություն քարոզող տարածաշրջանային գործչի ելույթ էր, որով պետության ղեկավարը վերահաստատեց.
Առաջին, Ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտմանն այլընտրանք չկա, եւ այդ գործընթացը պետք է կրի շարունակական բնույթ:
Երկրորդ, ղարաբաղա-ադրբեջանական հակամարոտությունն ունի բացառապես խաղաղ կարգավորում: Ադրբեջանը մերժում է համանախագահների եւ միջազգային հանրության կոչերը՝ սպառնալով տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը:
Երրորդ, հարկ եղած դեպքում Հայաստանի Հանրապետությունը՝ որպես ԼՂՀ-ի անվտանգության երաշխավոր, ունենալով իրավական եւ ռազմաքաղաքական բոլոր հիմքերը, խաղաղություն կպարտադրի Ադրբեջանին:Եվ վերջապես, ֆաշիզմի, նացիզմի եւ խավարի դեմ պայքարում չկան մեծ կամ փոքր պետություններ: Հայաստանը պայքարել է եւ շարունակում է պայքարել խավարի տարբեր դրսեւորումների դեմ:
Եղիցի լույս:
Շնորհակալություն ուշադրության համար:
Նմանատիպ նյութեր
2816 դիտում
22:11 04-02-2014
Խավարի ու ցրտի ուրվականն է շրջում Վանաձորում, իսկ պատկան մարմիններն «ուղտի ականջում» քնած են