211652_close_icon
views-count764 դիտում article-date 17:12 05-10-2015

«Անխախտելի եղբայրություն 2015» զորավարժությունն ավարտվեց. ֆոտոռեպորտաժ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվեց «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության եզրափակիչ փուլը:Զորավարժության թեման էր «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը և անցկացումը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»: Զորավարժության եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՏԿ և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ԱԺ պատգամավորներ ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ Միացյալ շտաբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի և ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ: Զորավարժությանը ներգրավված ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ազգային ստորաբաժանումները խաղարկել են զորավարժության սցենարով նախատեսված մի շարք ակտիվ գործողություններ: Մասնավորապես` իրականացվել են խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության և ծառայության կազմակերպման, հակամարտող կողմերի տարանջատման և չեզոք գոտու ստեղծման, զինյալների կողմից զավթած շենքերի և պատանդների ազատագրում, պայմանական բնակավայրի վրա ահաբեկիչների հարձակման հետմղում, զինյալների ճամբարի հայտնաբերման և չեզոքացման գործողություններ։ Զորավարժության ակտիվ փուլի ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շեշտելով, որ խաղաղապահ ստորաբաժանումների զորավարժություններ Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացվում էին առաջին անգամ, դրական է գնահատել ներգրավված ստորաբաժանումների գործողությունները և ընդգծել է, որ զորավարժության սցենարով նախատեսված ու առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են: Սեյրան Օհանյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությանը ներկա էր ՄԱԿ-ի դիտորդական պատվիրակությունը, ապահովված էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությունը: Կառույցներ, որոնք պատասխանատու են խաղաղապահ գործողությունների կազմակերպման և ապահովման համար: ՀՀ պաշտպանության նախարարը նաև վստահություն է հայտնել, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումները կկարողանան պատվով կատարել առաջադրված խնդիրները, եթե ՀԱՊԿ-ն որևէ վայրում խաղաղապահ առաքելություն իրականացնելու որոշում կայացնի: «Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահպանել մեր երկրի սահմանները և ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը, այլև նպաստել այլ վայրերում խաղաղության հաստատմանը»,-նշել է Սեյրան Օհանյանը: «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության հիմնական նպատակներն էին ներգրավված խաղաղապահ զորախմբերի և ստորաբաժանումների միջև համագործակցության և փոխգործակցելիության ամրապնդումը, խաղաղապահ գործողության նախապատրաստման փուլում և խաղաղապահ խնդիրների լուծման ընթացքում ՀԱՊԿ ՀԽՈՒ զորախմբերի (ստորաբաժանումների) կառավարման բոլոր մակարդակների հրամանատարների և շտաբերի գործնական հմտությունների բարելավումը, հակամարտության դադարեցման և մեկուսացման խնդիրների լուծման միասնական մտահղացման մշակումը։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր