1290 դիտում
08:44 03-10-2015
Հայաստանը՝ որպես պետություն, հայ հասարակությունը՝ որպես հանրույթ, չունի երազանք. «168 ժամ»
«168 ժամ»-ի խմբագրականում կարդում ենք. «Վրաստանը փոքր երկիր է, որն ունի մեծ սիրտ ու ավելի մեծ երազանքներ»,- այսպես է սկսել ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում իր ելույթը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին: «Մեր տեսլականը հստակ է այնպես, ինչպես մեր ապագան»,- հայտարարել է Ղարիբաշվիլին:
Երկու օր առաջ նույն ամբիոնից ելույթ էր ունեցել նաեւ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ով խոսել էր առավելապես ղարաբաղյան հակամարտության, հայ-ադրբեջանական սահմանային լարվածության եւ անվտանգության թեմաների վերաբերյալ: Այդ խնդիրների ու հնչած ձեւակերպումների տեսանկյունից Սերժ Սարգսյանի ելույթը հաջողված էր եւ համարժեք այս օրերին տեղի ունեցող իրադարձություններին, ինչն ընդունում են անգամ նրա ընդդիմախոսները:
Տվյալ դեպքում, խոսքը, սակայն, ՄԱԿ-ի ամբիոնի կամ առաջնորդների հռետորաբանության մասին չէ: Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չէր խոսում Հայաստանի երազանքների մասին, այն դեպքում, երբ մենք՝ հայերս, գոնե մեր ինքնագնահատականի առումով, ունենք ավելի մեծ սիրտ եւ միշտ դա ներկայացնում ենք՝ որպես առավելություն՝ մեր հարեւանների հետ համեմատվելիս: Խնդիրն այն է, որ Հայաստանը՝ որպես պետություն, հայ հասարակությունը՝ որպես հանրույթ, ըստ էության, չունի երազանք: Նաեւ երազանքի բացակայությունն է պատճառը, որ Հայաստանը թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական հարցերում առաջնորդվում է իրավիճակային, այսրոպեական շահերով ու դիրքորոշումներով, մի օր տրվում է Ռուսաստանին, մի քանի օր անց հավատարմության երդում է տալիս Արեւմուտքին:
Երազանքի ու այդ երազանքի իրացմանն ուղղված ռազմավարության բացակայության մասին վկայող հակասությունների շարքը, դժբախտաբար, կարելի է անվերջ շարունակել, դրանցով լցված է մեր՝ պետության ու հասարակության կյանքը: Ու, թերեւս, պատահական չէ, որ հայ ժողովրդի դարավոր երազանք համարվող անկախությունն անցած 24 տարիների ընթացքում ոչ միայն չփայփայվեց ու չհզորացվեց, այլեւ հասցվեց խոցելիության վտանգավոր աստիճանի: Դա երազանքի՝ պետական, հանրային երազանքի բացակայության ամենացավալի վկայությունն է:
«Մենք կարծես մեր բոլոր հաջողությունները կապում ենք ոչ թե՝ ապագայի, այլ՝ անցյալի հետ: Իսկ դա նշանակում է, որ մենք երազանք չունենք, ինչը շատ վտանգավոր եմ համարում»,- իր հարցազրույցներից մեկում ասել է հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանը: Թերեւս, հենց այս տրամաբանությունն է ընկած այն իրողության հիմքում, որ հայ ժողովրդին եթե ինչ-որ բան իսկապես միավորում է, դա Հայոց ցեղասպանության հիշողությունն է ու դրա միջազգային ճանաչումն ու դատապարտումը, որը, որքան էլ ոչ հաճելի հնչի, նմանվում է երազանքի: Իրականում, սակայն, դա հակաերազանք է:
«Իսկական երազանքը պարադոքսալ հատկություն ունի. եթե այն կիսում ես ինչ-որ մեկի հետ, նրա ուժը բազմապատկվում է»,- մեկ այլ առիթով ասել է նույն Ռուբեն Վարդանյանը:
Հայաստանը երազանք չունի եւ, եթե աշխարհի հետ ինչ-որ բան կիսում է, ապա՝ միայն դժբախտությունները, մնացած ամեն ինչը ոչ թե՝ կիսելով, այլ՝ ամբողջությամբ տված լինելով Ռուսաստանին:
Կյանքը ցույց է տալիս, որ դրա արդյունքում բազմապատկվում է ոչ թե մեր ուժը, այլ դժբախտությունները»:
Նմանատիպ նյութեր
1039 դիտում
09:00 20-08-2024
Ուզում են ձևավորել ապազգային, սեփական մշակույթից, արժեքներից կտրված հանրույթ. «Փաստ»
2510 դիտում
08:29 25-08-2015
Իրականում փոխվել է ոչ թե ոստիկանությունը, այլ հասարակությունը, միայն ու միայն հասարակությունը. ՀԺ
1246 դիտում
10:03 03-03-2015
Մենակ իրականում մնացել է ոչ թե ՀԱԿ-ը կամ որևէ այլ կուսակցություն, այլ հասարակությունը. 168 Ժամ
Այս բաժնից
874 դիտում
08:28 14-12-2024
Ինչի՞ հաշվին է ուզում ապահովել Թրամփի հաղթանակն Անդրկովկասում․ «Փաստ»
1243 դիտում
09:20 12-12-2024
Սիրիայի իրադարձություների տարածաշրջանային ռեզոնանսն ու շահերի նոր բախումների հեռանկարը. «Փաստ»
1396 դիտում
09:10 12-12-2024
Արգելված սննդային հավելումների ցանկը կընդլայնվի. «Փաստ»