211652_close_icon
views-count2990 դիտում article-date 21:07 30-09-2015

Նաիրա Զոհրաբյանը ադրբեջանցի պատգամավորին առաջարկել է ներողություն խնդրել

Քիչ առաջ ԵԽԽՎ-ում ավարտվեց ՙԿրոնի ազատությունն ու կողք-կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում՚՝ադրբեջանցի պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի զեկույցի քննարկումը։ Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով Հուսեյնովի զեկույցին, հայտարարել է, որ հանդուրժողականության մասին խոսելուց եւ զեկույց գրելուց առաջ Հուսեյնովը պարտավոր է ԵԽԽՎ ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի վարած հայատյաց եւ ագրեսիվ քաղաքականության, կրոնական անհանդուրժողականության եւ մշակութային վանդալիզմի համար։ Իր ելույթում Նաիրա Զոհրաբյանն ասել է՝ ՙՀարգելի գործընկերներ, Կարդում եմ քննարկվող զեկույցի վերնագիրն ու միանշանակ է՝ այսօրվա Եվրոպայի համար ավելի քան արդիական թեմա՝ Կրոնի ազատությունն ու կողք-կողքի ապրելը ժողովրդավարական հասարակություններում։ Կարդում եմ զեկուցողի՝ այս կարեւոր խնդրին անդրադառնալու մոտիվացիաները՝ Կոպենհագենում ողբերգական ահաբեկչական հարձակումները, Ֆրանսիայում հրեական եւ կաթոլիկ գերեզմանոցների պղծումը ու եւս մեկ անգամ համոզվում՝ թեմայի ինչպիսի՞ ճիշտ ընտրություն։ Հետո կարդում եմ զեկույցի հեղինակի անունը՝ Ռաֆայել Հուսեյնով, երկիրը՝ Ադրբեջան ու աչքերիս չեմ հավատում։ Ինչպիսի՞ զգայացունց ձեւակերպումներ կան զեկույցում. օրինակ՝ ՙՄեր ընդհանուր պատասխանատվությունն է՝ ինչ կրոնական կամ ոչ կրոնական աշխարհայացք էլ ունենանք, ոչ միայն հարգենք այդ սկզբունքներն ու արժեքները, այլև պահպանենք դրանք՚։ Եւս մեկ բացառիկ ձեւակերպում Հուսեյնովի զեկույցից՝ ՙԱնհրաժեշտ է, որ քաղաքական ելույթներում, մշակույթում եւ կրթության մեջ կարեւորենք խիղճը, բանականությունը եւ սիրտը: Ուստի, շատ կարեւոր է պայքարել անհանդուրժողականության դեմ,՚՚- եզրափակում է մեր գործընկեր Հուսեյնովը։ Թերթում էի զեկույցն ու մտածում, թե ի՞նչ տիտանական ջանքեր է գործադրել Հուսեյնովը՝ գրելու մի բան, երբ իր երկիրն անում է զեկույցում հռչակված արժեքների ուղիղ հակառակը։ Ես Ռաֆայել Հուսեյնովի հետ միասին ցավում եմ Ֆրանսիայում հրեական եւ կաթոլիկ եկեղեցիները պղծելու համար, բայց [b]արդյո՞ք պարոն Հուսեյնով, դուք պատրաստ եք այստեղ, այս դահլիճում, ներողություն խնդրել հայկական Ջուղա քաղաքի գերեզմանոցի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու տակ գտնվող, համաշխարհային մշակութային արժեք հանդիսացող հազարավոր խաչքարերի ոչնչացման համար[/b]։ Ջուղայի խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի կողմից կազմակերպված հստակ հանցագործություն էր, որի պատճառը բացառապես կրոնական անհանդուրժողականությունն ու հայատյացությունն էր։ 20-րդ դարի սկզբին հայկական Ջուղայում կար ավելի քան վեց հազար բացառիկ խաչքար, որոնք տարիների ընթացքում դուք, պարոն Հուսեյնով, դաժանաբար ոչնչացրեցիք։ 2005-2006 թվականներին ոչնչացվեցին Ջուղայի վերջին խաչքարերը։ Ոչնչացվեցին ադրբեջանցի զինվորների կողմից, իսկ գերեզմանոցը վերածվեց հրաձգարանի։ Ո՜չ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ո՜չ Եվրոպական խորհրդարանի, ո՜չ Եվրոպայի խորհրդի եւ միջազգային հանրության կոշտ արձագանքը չկասեցրեցին ադրբեջանական վանդալիզմը, ինչը դատապարտեց նաեւ Վատիկանը: 2006 թվականին ադրբեջանցի լրագրող Իդրակ Աբասովը այցելեց Ջուղայի գերեզմանոց և գրեց, որ այն «ամբողջովին անհետացել է»: Նույն թվականին Եվրոպական խորհրդարանի անդամներին Ադրբեջանը թույլ չտվեց այցելել Ջուղայի գերեզմանոց։ Նույն կերպ վարվեցին մեր գործընկեր Օ՝ Հարայի հետ՝ թույլ չտալով տեսնել ադրբեջանական վանդալիզմի իրական դեմքը։ 2006 թվականի փետրվարի 16-ին Եվրոպական խորհրդարանն ընդունեց բանաձև՝ դատապարտելով Ջուղայի միջնադարյան գերեզմանոցի ոչնչացումը։ Սակայն համաշխարհային մշակույթի բացառիկ արժեքներն արդեն ոչնչացված էին։ Ահա այսպես, պարոն Հուսեյնով։ Դուք խոսում եք կրոնական հանդուրժողականությունից եւ համատեղ ապրելու կարեւորությունից, սակայն երեք տարի առաջ ես անձամբ եմ այցելել Բաքու՝ Եվրանեսթի նիստին մասնակցելու, ու տեսել եմ, թե դուք ինչի եք վերածել Բաքվի հին հայկական եկեղեցին։ Եկեղեցու խաչը հանված էր, իսկ գրադարանի բացառիկ հայկական գրքերը՝ ոչնչացված։ Եկեղեցու հայկական գրադարանում միայն Հեյդար Ալիեւի մասին պատմող գրքեր էին։ Ու սա դուք համարում եք կրոնական հանդուրժողականություն եւ դեռ այդ թեմայով էլ զեկո՞ւյց եք գրում։ Չնայած, եթե դուք պատրաստ եք այս ամբիոնից ներողություն խնդրել Ադրբեջանի հետեւողական վանդալիզմի համար, ես կարող եմ մտածել, որ դուք սկսում եք գիտակցել, թե ի՞նչ է իրականում նշանակում կրոնական հանդուրժողականություն եւ միասին ապրելու արվեստ՚։

Նմանատիպ նյութեր