211652_close_icon
views-count9723 դիտում article-date 18:14 30-09-2015

Ներկայացրել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության կարգախոսն ու ծրագիրը

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության կարգախոսը, տոնակատարության ծրագրային ու կազմակերպչական մանրամասներն ու հատկապես՝ նորույթները։ Քաղաքապետի տեղակալը անդրադարձել է նաև «Էրեբունի-Երևանի» սոցիալական բաղադիրչին, որը նախորդելու է «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով տոնակատարության բուն օրերին. քաղաքի տարիքի թվով պայմանավորված՝ 2797 քաղաքացիներ Երևանի օրվա առթիվ նվերներ են ստանալու։ Երևանի տոնը՝ «Էրեբունի-Երևանը», ամեն տարի նշվում է հոկտեմբերի երկրորդ շաբաթ և կիրակի օրերին։ ««Էրեբունի-Երևան 2797»-ի ծրագիրը շուրջ եռամսյա ջանքերի արդյունք է. երեք ամսի առաջ սկսեցինք նախաատրաստական աշխատանքները, որոնք գրեթե ավարտման փուլում են և ունենք հնարավորություն ձեր միջոցով հանրությանն այդ մասին իրազեկելու։ Անշուշտ, ծրագրում ընդգրկված են հիմնականում ավանդական միջոցառումները, սակայն դրանում եղել են որոշ փոփոխություններ՝ նորույթներ, որոնք էլ կմանրամասնեմ։ Նախորդ տարվա պես մեր միջոցառումների ցանկը առատ է»,- ներկայացրել է Արամ Սուքիասյանը։ Այս տարի, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, «Էրեբունի-Երևանի» ծրագրում ընդգրկվել են նաև տարելիցի ոգուն համապատասխան միջոցառումներ։ Հոկտեմբերի 10-ին Երևանի Գլխավոր պողոտայի Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում, Հին Ջուղայի խոնարհված խաչքարերի կրկնօրինակների կողքին կցուցադրվեն Արևմտյան Հայաստանում՝ Տուշպայում (Վան), Տիգրանակերտում և այլ քաղաքներում հայտնաբերված մի շարք սեպագիր անձանագրությունների կրկնօրինակներ՝ գիտական մեկնաբանությամբ, թարգմանությամբ։ Ցուցադրությունը կկրի «Քարե կոթողներ» խորագիրը։ Նույն օրը «Երախտագիտություն» խորագրով ցուցադրություն կբացվի Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում։ Ցուցադրությունում ներկայացված կլինեն Ցեղասպանությունից փրկված հայերին օգնության ձեռք մեկնած՝ աշխարհի մի շարք քաղաքների ղեկավարների, քաղաքային իշխանությունների մասին արխիվային նյութեր ու դրանց պատճեները։ Ցուցադրությունը Երևան քաղաքի պատմության թանգարանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի համատեղ նախաձեռնությունն է։ «Այդ օրերին Երևանում բազմաթիվ հյուրեր են լինելու աշխարհի ամենատարբեր քաղաքներից, ովքեր ևս կիարզեկվեն այդ պատմություններին, միգուցե և՝ իրենց քաղաքների նախկին քաղաքապետերի այդ տարիներին գործունեությանը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալը։ Հոկտեմբերի 10-ին՝ «Էրեբունի-Երևան 2797» տոնակատարության առաջին օրը տեղի կունենա նաև ավանդական դարձած ժողովրդական արվեստի գործերի, ազգային խաղերի և տարազների ու խոհանոցի ցուցահանդրույթուն-տոնավաճառը՝ Էրեբունի փողոցում։ Տոնական առաջին օրը կամփոփվի «Երևանում տոն է» խորագրով համերգով, որը կհաջորդի տոնավաճառին։ «Երևան քաղաքը սկիզբ է առնում Էրեբունի հնավայրից, հետևաբար, հենց այդտեղից ենք սկսում «Էրեբունի-Երևան»-ի բուն միջոցառումները»,- նշել է Արամ Սուքիասյանը։ Հոկտեմբերի 12-ը՝ տոնակատարության ամենաբազմազան ու բազմաթիվ միջոցառումներով օրը, ևս կմեկնարկի ավանդական դարձած միջոցառումներով՝ ջրցանների շքերթով, արձանների լվացումով, Սարյանի պուրակում գեղարվեստի ցուցահանդեսով։ Քաղաքապետի տեղակալը օրվա ժամանակագրությամբ առաջին միջոցառումներում հատկանշել է «Ավելի լավ Երևան» քաղաքային տնտեսության և քաղաքային ծրագրերի էքսպո ցուցահանդեսը, որում ներկայացված են լինելու Երևանի հեռանկարներն ու արդի Երևանում զարգացման միտումները։ Քաղաքի տոնում նորույթ-միջոցառում է «Խոսող խաղալիք»-ը, որը «Երևանյան ամառ 2015» ծրագրում այս տարի ընդգրկվել էր և ամենասիրված փառատոնային օրերից եղավ։ Երևանի մանկական զբոսայգում տիկնիկային թատրոնները, թատերական խմբերը երեխաների համար ներկայացումներ կցուցադրեն։ «Էրեբունի-Երևան 2797»-ը հագեցած է լինելու նաև մարզական միջոցառումներով։ Իսակովի պողոտային զուգահեռ նորակառույց արագընթաց ճանապարհի հարակից, հատուկ հատկացված տարածքում մոտոկրոսսի, կվադրոցիկլի և լեռնային հեծանվասպորտի ցուցադրական ելույթներ են լինելու՝ բազմամյա փորձ ունեցող հմուտ մարզիկների մասնակցությամբ։ Մարզական ցուցադրական ելույթներ կարելի է տեսնել նաև Ազատության հրապարակում՝ օդային ակրոբատիկա, սթրիթվորքաութ, սթրիթբոլ, թռիչք բարձրությունից և այլն։ Ազատության հրապարակում մարզական ծրագրին հաջորդելու է ռոք համերգը։ Պաշտոնական հանդիսությունը այս տարի էլ Երևանի քաղաքապետարանի դիմաց է կայանալու՝ ժ. 14։00-ին։ Հանդիսության ընթացքում մի շարք քաղաքացիների կշնորհվի Երևանի պատվավոր քաղաքացու կոչում։ Այս տարի, պաշտոնական հանդիսությունից հետո, շքերթի փոխարեն, երաժշտաթատերական ներկայացում է լինելու, որին կհաջորդի պարային շքերթը։ «Էրեբունի-Երևան 2797»-ին տոնական շքերթի են դուրս գալու նաև փողային նվագախմբերը՝ Թումանյան փողոցից քայլերթով շարժվելով դեպի քաղաքապետարան։ Բուհերի սաները ևս առանձին հարթակ կունենան։ Հյուսիսային պողոտայում Երևանյան երգերի շնորհանդես և կարաոկեի հարթակ է լինելու։ «Տպագրվել է Երևանյան երգերի ժողովածու։ Այն իր տեսակի մեջ առաջինն է՝ նոտագրված, խոսքերով, հեղինակների ու կատարողների անուններով։ Կարծում եմ, այս երգարանը նվեր կլինի Երևանը սիրող բոլոր նրանց համար, ովքեր ցանկություն կունենան կատարելու Երևանի մասին երգեր»,- նշել է Արամ Սուքիասյանը։ Կարապի լճում Հայաստանի էթնիկ համույթների բեմահարթակն է և էքսպո ցուցահանդեսը։ Հայաստանաբնակ ազգային փոքրամասնությունները կներկայացնեն իրենց երգարվեստը, պարարվեստը, ինչպես նաև Հայաստանում տպագրվող իրենց համայնքների թերթերն ու ամսագրերը։ «Նվիրում ենք մայրաքաղաքին». Ազնավուրի հրապարակում մարզերի քաղաքների ողջույն-համերգն է։ «Էրեբունի-Երևան 2797»-ին առաջին անգամ Հայաստանի մարզկենտրոն քաղաքների լավագույն համույթներն են ելույթ ունենալու։ Մարզաբնակ երեխաներն էլ որպես հյուրեր են հրավիրված։ «Երևանի վարչական շրջանները երեք տարի է համագործակցության համաձայնագրեր ունեն հանրապետության տարբեր մարզերի և ԼՂՀ տարբեր շրջանների ու քաղաքների հետ, և համագործակցությունը ակտիվորեն ընթանում է։ Եվ Երևանի տոնի առթիվ մայրաքաղաքի վարչական շրջանների հրավերով Երևան կգան երեխաներ բոլոր մարզերից։ Նրանց տեղափոխման և տոնին լիարժեք մասնակցելու բոլոր անհրաժեշտ միջոցները կապահովվի վարչական շրջանների աշխատակազմերի կողմից»,- ներկայացրել է Երևանի քաղաքապետի տեղակալը։ «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով «Էրեբունի-Երևան 2797»-ը կամփոփվի նույնանուն խորագրով գալահամերգով։ Ելույթ կունենան հայկական էստրադայի երգիչները, երգչուհիները, համույթները։ «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով համերգին կհաջորդի հրավառությունը, ապա՝ դիսկոտեկը։ Քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է նաև «Իմ ջերմ ու բարի քաղաք» սոցիալական ծրագիրը։ «Քաղաքապետի այս նախաձեռնությունն այնցյալ տարի բավականին լավ արձագանք ստացավ։ Այս տարի էլ այն հոկտեմբերի մեկից կմեկնարկի և 2797 ընտանիքներ քաղաքի տոնի առթիվ նվերներ կստանան։ Ցուցակը բազմաշերտ է. ընգրկված են ինչպես սոցիալապես անապահով, այնպես էլ սոցիալական տարբեր խմբերի ընտանիքներ՝ Արցախում զոհվածների ընտանիքներ, պատերազմի հաշմանդամների ընտանիքներ, 2014-15 թթ. զոհված զինծառայողերի ընտանիքներ, հաշմանդամ ունեցող ընտանիքներ, բազմանդամ ընտանիքներ, սիրիահայ ընտանիքներ։ Հարկ է նշել, որ ցուցակներում ընդգրկված ընտանիքները նախորդ տարվա սոցիալական ծրագրում ընդգրկված չեն եղել. ամեն ինչ արվել է, որ կրկնություն չլինի»,- նշել է Արամ Սուքիասյանը։ Այս տարի «Էրեբունի-Երևան» տոնակատարության ծրագրում ընգդրկված է նաև երանաբնակ զինծառայողների ծնողների այցը զավակներին։ Հոկտեմբերի 17-ին սահմանամերձ զորամասեր կմեկնեն շուրջ 1400 հերթագրվածներ։ Արամ Սուքիասյանը կարևորել է նաև պատվիրակությունների ներկայությունը տոնակատարությանը։ «Երևանը բազմաթիվ քույր և գործընկեր քաղաքներ ունի, որոնք հրավիրվել են տոնին մասնակցելու. այս պահին իրենց մասնակցությունն արդեն հավաստել են 20 պատվիրակություններ, որոնցից 7-ը քաղաքապետերի գլխավորությամբ են ժամանելու Երևան»,- նշել է քաղաքապետի տեղակալը։ Վերջին օրերին քննարկվող «Էրեբունի-Երևան 2797»-ը չեղարկելու և տոնի բյուջեն սահմանամերձ գյուղերին ուղղելու հետ կապված լրագրողների հարցին ի պատասխան Արամ Սուքիասյանը, մասնավորապես, նշել է.«Ինչպես նախորդ տարի, այս տարի էլ ավագանու հաստատմամբ համայնքային բյուջեից 130 մլն դրամ է հատկացվել տոնակատարության ծրագրերին։ Ինչ վերաբերում է քննարկվող հարցին, Երևան համայնքը իր լիազորություններն ունի՝ սահմանված օրենքով և դրանք տարածվում են միայն Երևան համայնքի վարչական տարածքում։ Ասել է թե՝ քաղաքապետարանն իր բյուջեն կարող է օգտագործել բացառապես Երևան քաղաքի վարչական սահմաններում ու մայրաքաղաքի կարիքների համար։ Այն կարծիքը, որ պետք է չեղարկել տոնը, անշուշտ, քննարկվել է։ Բայց Երևանը, ինչպես աշխարհի բոլոր մյուս քաղաքներն ու հատկապես՝ մայրաքաղաքները, պետք է նշի իր տոնը և պետք է հպարտությամբ ու ներկայանալի նշի, որովհետև համայն հայության մայրաքաղաքն է։ Ես կարծում եմ, որ չեղարկելով մենք այն պետության ջրաղացին ջուր լցրած կլիենք, ով հենց սպասում է մեր ընկճվելուն։ Եվ հետո, արդյո՞ք նման քայլը չի նշանակի կասկածել մեր զինվորի ոգուն, սպայական անձնակազմի պատրաստականությանն ու ռազմական մտքին… Անշուշտ, սահմանում խաղաղությունը բոլորիս է անհրաժեշտ, և մենք ունենք մարտունակ բանակ, որը պատվով ապահովում է մեր սահմանների ամրությունը»,- նշել է Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը։ «Իմ ջերմ ու բարի քաղաք» խորագրով «Էրեբունի-Երևան 2797»-ը կազդարարվի հոկտեմբերի 1-ից մեկնարկող սոցիալական ծրագրով։

Նմանատիպ նյութեր