993 դիտում
15:56 30-09-2015
«Երևան Ջրի» 9-րդ տարվա աուդիտն ավարտվեց
Կայացավ «Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության 9-րդ տարվա (2014թ. հունիսի 1 – 2015թ. մայիսի 31) տեխնիկական, շահագործման, սպասարկման և կառավարման աուդիտի հաշվետվության շնորհանդեսը:
«Վարձակալության պայմանագրի պահանջների առումով «Երևան Ջուր» ընկերությունը 9-րդ պայմանագրային տարում ապահովել է լավ կատարողական արդյունքներ. սահմանված բոլոր ցուցանիշների նպատակակետերը նվաճված են», - ասվում է Անկախ Տեխնիկական Աուդիտորի («Ուոթը Սըփլայ Սըրվիսիզ Քընսալթինգ»՝ Դանիա, «ԱՎԱԳ Սոլյուշնս»՝ Հայաստան) հաշվետվության մեջ:
Վերջին տարիներին Աուդիտորը պարբերաբար նշում է մասնավորապես ջրամատակարարման տևողության (հատկապես՝ նվազագույն տևողության) աճի մասով զգալի առաջընթացը, ջրի արտադրության և էլեկտրաէներգիայի ծախսի կրճատումը, ինչպես նաև տեխնիկական կորուստների նվազեցումը: 9-րդ տարին այս առումով բացառություն չէ: Այսպես, աղբյուրներից ջրառը կրճատվել է 15 մլն մ3-ով, իսկ էլեկտրաէներգիայի ծախսը նվազեցվել է 5.4 մլն կՎտժամով: Համաձայն գնահատման՝ տեխնիկական կորուստները կրճատվել են մոտ 11 մլն մ3-ով: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակաշրջանում բարելավում է գրանցվել բազմաթիվ պարամետրերի գծով: Մատակարարման միջին կշռյալ ժամերը հասցվել են 23.3 ժամի՝ Վարձակալության պայմանագրով 9-րդ տարվա համար սահմանված 22.44 ժամ ցուցանիշը գերազանցելով մոտ 50 րոպեով: Ընդ որում, արդեն 8-րդ տարվա վերջի դրությամբ Երեւան Ջուր ՓԲԸ-ն ապահովել էր նաև 10-րդ տարվա 22.8 ժամ նպատակային ցուցանիշը: Ջրամատակարարման համապատասխանությունը հրապարակված գրաֆիկներին կազմել է 94,2%:
Բաժանորդների մեծ մասի ջրի պահանջը բավարարված կարելի է համարել, եթե ջուր տրվի մոտ 17 ժամ շարունակ` վաղ առավոտից մինչև կեսգիշեր հատվածում, -վկայում է Աուդիտորը: Երևանի բնակչության համար ծառայության այս մակարդակը ապահովվել է արդեն 2015թ. մայիսին: Ջրամատակարարման տևողությունը 17 ժամ է միայն այն տարածքներում, որտեղ բաշխիչ ցանցը վատ վիճակում է, մնացած տարածքներում ջրամատակարարման տեւողությունն ավելի երկար է:
Վարձակալության պայմանագրի առաջին 7 տարիներին ջրի մատակարարման տևողությունը զգալի անկում էր ապրում ամռան ամիսներին՝ տարվա մնացած մասի համեմատ: Սակայն 8-րդ և 9-րդ տարիների ընթացքում ջրամատակարարման միջին ամսական տևողությունը միայն աննշան կերպով է նվազել ամռանը՝ տարվա մնացած եղանակների համեմատ:
9-րդ տարում գրանցվել է ընդհանուր առմամբ 822 տեղեկացում D≥200մմ ջրագծերի վրա վթարների վերաբերյալ: Դրանց վերացման միջին ժամկետը կազմել է 6.25 ժամ, թույլատրելի 24 ժամից:
Հաշվետու տարում ընկերությունը շարունակել է Պահպանման և վերանորոգման ընդլայնված աշխատանքների ծրագրով ավելի մեծ նեդրումների կատարումը, քան նախատեսված է Վարձակալության պայմանագրով: Դրանց ծավալը կազմել է 2մլրդ 403 մլն ՀՀ դրամ՝ 1մլրդ 451 մլն ՀՀ դրամի փոխարեն: Գերակատարվել է նաեւ 1-9 տարիների ծրագիրը մոտ 4,7 մլրդ ՀՀ դրամով:
Ընդհանուր առմամբ, բարելավվել է նաեւ ընկերության կողմից բաժանորդների բողոքներին արձագանքումը: Մասնավորապես, կրճատվել է քրոնիկ դեպքերի թիվը, ինչը հաստատվում է նաև Երևանի քաղաքապետարանի կողմից: Հաշվետու տարում ընկերությունը 1-85 հեռախոսակենտրոնում ներդրել է մի քանի համակարգչային ծրագրեր, այդ թվում՝ զանգ կատարած բաժանորդի տեղը քարտեզի վրա ցույց տվող ծրագիր, ինչը հնարավորություն է տալիս ավելի հստակ հասկանալ բաժանորդների խնդիրը և տալ լիարժեք պարզաբանումներ: Զանգերի մոտ 30%-ը եղել է առևտրային, իսկ մնացածը՝ շահագործման/տեխնիկական բնույթի:
Միաժամանակ Աուդիտորը նշում է, որ չնայած 9-րդ տարում 1-85 հեռախոսային կենտրոն ուղղված զանգերի քանակի փոքր-ինչ կրճատմանը՝ այն դեռևս բարձր է և գերազանցում է 300 000-ը տարեկան կտրվածքով, որը հավասար է միջինում մեկ զանգի մեկ բաժանորդի հաշվով: Դա մի կողմից վկայում է, որ սպառողները վստահում են Ընկերությանը, մյուսից՝ համակարգում դեռեւս կան խնդիրներ, որոնք լուծման կարոտ են: Այսպիսով, բաժանորդների հետ հարաբերությունները մնում են ընկերության գործունեության կարևոր մասերից մեկը:
Խմելու ջրի մանրէաբանական ցուցանիշը ապահովվել է 9-րդ տարում, և պատշաճ որակի ջուր է մատակարարվել նաև սպասարկման տարածքի գյուղերին: 17,900 մանրեաբանական հետազոտությունների արդյունքը վկայում է ներկայացվող պահանջներին ջրի 100% համապատասխանության մասին: Մինչդեռ սանիտարական նորմերով թույլատրվում է վերցված պլանային նմուշների մինչև 5% շեղում:
Պայմանագրային 9-րդ տարում բաժանորդների թիվը աճել է 3 688-ով կամ 1.03%-ով, վաճառված ջրաքանակն ավելացել է 3.47 մլն մ3-ով կամ 5.4 %, հասույթ ձևավորած ընդհանուր ծավալն աճել է 5%-ով 8-րդ տարվա համեմատ, հայտնաբերվել է ջրօգտագործման կանոնների 4030 խախտում, այդ թվում՝ 1179 ապօրինի ջրագիծ: Փաստացի ջուր սպառող 343 134 բաժանորդներից միայն 1926-ը դեռ չի տեղադրել ջրաչափ:
Բոլոր այն ցուցանիշներով, որոնց թերացման դեպքում վարձակալության պայմանագրով նախատեսվում են տուգանքներ, ըստ Աուդիտորի, 9-րդ տարվա պարտավորությունները «Երեւան Ջրի» կողմից կատարված են: Դրանք են.
• Ջրամատակարարման շարունակականություն,
• Ջրի որակ,
• Բաժանորդների սպասարկում,
• Հաշվետվությունների ներկայացում,
• Ծրագրերի իրականացում:
Սա չի նշանակում, թե Երեւան Ջուր ՓԲԸ կատարողականը ամբողջապես բավարար է, սակայն Վարձակալության պայմանագրի հիմնական պահանջները կատարված են:
«Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ 9-րդ պայմանագրային տարում ԵՋ-ի կողմից մատուցվող ծառայության մակարդակը եղել է ավելի բարձր, քան երբևէ, և որ Երևանի ջրամատակարարման շահագործումը հանդիսացել է ավելի կայուն և հուսալի, քան նախկինում», - ասվում է Աուդիտորի եզրակացության մեջ:
Նմանատիպ նյութեր
1276 դիտում
17:50 15-06-2016
Խմելու ջրի համակարգերը մեկ վարձակալի հանձնելու մրցույթի հայտերի ընդունումն ավարտվեց
9513 դիտում
20:24 27-04-2020
«Արմենիա» ընկերությունն իրականացնելու է Երևան-Վորոնեժ-Երևան և Երևան-Թել Ավիվ-Երևան չվերթրներ
Այս բաժնից
1039 դիտում
20:45 17-01-2025
Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավոր Հասանովին 80-ամյակի կապակցությամբ հուշամեդալով է պարգևատրել
652 դիտում
20:21 17-01-2025
Բաքվում ընթացող «դատավարությունները» հակասում են արդար դատաքննության իրավունքի պահանջներին․ ՀՀ ՄԻՊ
520 դիտում
20:08 17-01-2025
Հունվարի 19-ին կկատարվի աղոթք գերիների համար