53034 դիտում
22:39 28-09-2015
Խոշոր ու ողբերգական ավտովթար Արմավիրի մարզում. բախվել են Москвич-ն ու Mercedes-ը. վերջինը 250 մ գլորվելով` հայտնվել է դաշտում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` սեպտեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 20:20-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի Արագած գյուղի բնակիչ, 28-ամյա Վանուշ Ալոյանի վարած Москвич մակնիշի 61 ՕՏ 240 համարանիշի և Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, 39-ամյա Արման Թադևոսյանի վարած Mercedes մակնիշի 32 PP 777 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Mercedes-ը դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, հայտնվել դաշտամիջյան հատվածում և մոտ 250 մ գլխիվայր շրջվելով` հայտնվել դաշտով անցնող առվի մոտ:
Վթարի հետևանքով Mercedes-ի վարորդն ու նրա ուղևորը՝ համագյուղացի, 41-ամյա Էդիկ Սաժումյանը ծայրահեղ ծանր վիճակում մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վաղարշապատի հիվանդանոց: Հիվանդանոց է տեղափոխվել նաև Москвич-ի վարորդը, որտեղից ֆոտոլրագրողին հայտնել են, որ Mercedes-ի վարորդն ու ուղևորը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Երևան` Էրեբունի բժշկական կենտրոն, որտեղ կարճ ժամանակ անց Է. Սաժումյանը գիտակցության չգալով՝ մահացել է:
Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի և ՃՈ հետաքննիչ Մհեր Հակոբյանի գլխավորությամբ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փախանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչ Բաբկեն Հարությունյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+