211652_close_icon
views-count2364 դիտում article-date 22:51 27-09-2015

Անհնար է նպաստել զինադադարին առանց Մինսկի խմբի կողմից ադրբեջանական ագրեսիային անաչառ եւ համարժեք գնահատականներ տալու. Քոքոբելյանը նամակ է հղել Ուորլիքին

Ազգային ժողովի պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին նամակ է հղել, որում անդրադարձել է հակառակորդի կողմից հրադադարի խախտման դեպքերին ու սահմանային լարվածությանը։ Նամակում նշվում է․ «Մեծարգո պարոն Դեսպան, Ես չեմ կարող իմ մտահոգությունը եւ վրդովմունքը չարտահայտել, մեզ համար այս դժվարին օրերին, Ձեր` ծայրաստիճան զգուշավորությամբ կատարված եւ Հայաստանի ու Ադրբեջանի պահվածքի միջեւ հավասարություն դնող ուղերձների եւ հայտարարությունների վերաբերյալ, որոնցում ակնհայտորեն անտեսվում է Ադրբեջանի կողմից Տավուշի մարզի խաղաղ բնակչության ակնհայտ հրետակոծությունը, որն ընդգրկել է գրեթե ամբողջ հյուսիս-արեւելյան սահմանային բնակավայրերը: Դրա հետեւանքով, ցավոք, զոհվել են 3 հայ կանայք եւ վիրավորվել 4 խաղաղ բնակիչներ, իսկ Լեռնային Ղարաբաղում զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծության հետեւանքով զոհվել է 4 զինծառայող եւ եւս 16-ը վիրավորվել: Համոզված եմ, որ անհնար է նպաստել զինադադարին, առավել եւս խաղաղության հաստատմանը առանց Ձեր եւ Մինսկի խմբի կողմից, ադրբեջանական ագրեսիային եւ խաղաղ բնակչության նկատմամբ շարունակական պատերազմական գործողություններին անաչառ եւ համարժեք գնահատականներ տալու: Մինչդեռ այդ գնահատականի եւ համարժեք արձագանքի բացակայությունն ագրեսորի կողմից ընկալվում է որպես լուռ համաձայնություն՝ իր անպատիժ եւ սանձարձակ պատերազմական գործողություններին, ինչն էլ ուղեկցվում է Ադրբեջանի իշխանությունների ռազմատենչ եւ սանձարձակ հռետորաբանությամբ, որը չի նպաստում կայուն զինադադարի հաստատմանը եւ չի բխում իրենց իսկ ստանձնած միջազգային պարտավորություններից: Իսկ այդ ամենը կարող է հանգեցնել նոր` անխուսափելի պատերազմի եւ ամբողջ տարածաշրջանի՝ առանց այն էլ փխրուն կայունության խաթարման: Հավատացած եղեք, որ այս իրավիճակը մտահոգում է թե’ Հայաստանի Հանրապետության եւ թե’ Լեռնային Ղարաբաղի ցանկացած քաղաքացու եւ վստահեցնում ենք, որ մենք կողմնակից ենք խնդրի խաղաղ կարգավորմանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Հաշվի առնելով, որ այս պարագայում իր պատասխանատվության բաժինն ունի նաեւ Մինսկի խումբը, ուստի, ակնկալում ենք Ձեր եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անաչառ եւ գործուն մասնակցությունն այդքան անհրաժեշտ կայուն զինադադարի եւ խաղաղության հաստատման գործընթացում»։

Նմանատիպ նյութեր