211652_close_icon
views-count2169 դիտում article-date 15:11 26-09-2015

Երևանում անցկացվեց Գյուղական կյանքի և ավանդույթների երկրորդ փառատոնը. ֆոտոռեպորտաժ

Այսօր Երևանում մեկնարկել է Գյուղական կյանքի և ավանդույթների երկրորդ փառատոնը, որը կազմակերպվել էր Գյուղատնտեսության աջակցության «Կանաչ արահետ» հասարակական կազմակերպության կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ: Միջոցառմանը մասնակցում էին և ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը, Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության արտաքին համագործակցության պատասխանատու Ջոն Բարքերը, դեսպաններ, այլ հյուրեր: Փառատոնի նպատակն է նպաստել Հայաստանում կայուն գյուղատնտեսության զարգացմանը և աջակցել հայ գյուղացիներին ներկայացնել իրենց արտադրանքը: Ողջունելով միջոցառման կազմակերպիչներին նման նախաձեռնությամբ հանդես գալու առթիվ` Գառնիկ Պետրոսյանը մասնավորապես նշել է, որ այն հրաշալի առիթ է քաղաքամայր Երևանում ներկայացնելու գյուղական ավանդույթներն ու կենցաղը: «Գյուղատնտեսական տարին մոտենում է ավարտին, և մեր հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները և ֆերմերային խմբերը, որոնք ամբողջ տարվա ընթացքում մեծ նվիրումով ու աշխատասիրությամբ, հայրենի հող ու ջրի նկատմամբ անսահման սիրով և նաև մեծ դժվարությամբ բերք ու բարիք են արարել, այսօր հնարավորություն ունեն այստեղ ներկայացնել իրենց աշխատանքի պտուղները», - իր խոսքում նշել է գյուղփոխնախարարը: Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը, իր հերթին կարևորելով նման միջոցառումների անցկացումը մայրաքաղաքում, նշել է. «Այս կարևոր փառատոնի շնորհիվ գյուղը իր ավանդույթներով, իր կյանքի բարիքներով ներկա է լինում մեր մայրաքաղաքում և ձուլվում քաղաքային կյանքին. այս ամենին մասնակից են մեր գյուղական բնակավայրերի, գյուղատնտեսության ոլորտի արտադրողներ, ֆերմերներ։ Մայրաքաղաքն իր քաղաքային ավանդույթների հետ միասին նաև կարիքն ունի այսպիսի ավանդական փառատոնների։ Բերքի այս փառատոնը շատ կարևոր է տնտեսական առումով, ինտեգրացիոն կապերի առումով, գյուղացիական ֆերմերների աշխատանքը խրախուսելու առումով»։ Միջոցառմանը մասնակցում էին ավելի քան 70 ֆերմերային խմբեր, գյուղատնտեսության ոլորտի ձեռներեցներ Հայաստանի բոլոր մարզերից և Վրաստանից, Արցախից, ովքեր ներկայացնում են իրենց արտադրած գյուղմթերքը` ողջ բազմազանությամբ: Փառատոնին ներկայացված էին տարբեր մարզերի բերքն ու բարիքը, պանրի տեսականի, գինիներ, հյութեր, ձիթապտուղ, չրեր, բուսական թեյեր, մթերքներ գոմեշի կաթից, էկոլոգիապես մաքուր օճառներ, շինշիլաներ և այլն, ինչպես նաև կազմակերպվել էր ձեռագործ աշխատանքների ցուցադրություն-վաճառք: Միջոցառումն ուղեկցվում էր ազգային երգ ու պարով և թատերական ներկայացումներով: [b] ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]

Նմանատիպ նյութեր