211652_close_icon
views-count2073 դիտում article-date 19:00 24-09-2015

Համբերության բաժակի երևութաբանությունը

Զգացմունքային և շուտ բռնկվող բնավորությամբ մարդիկ համբերատար չեն: Ավելին, նրանցից ոմանք համբերությունը համարում են անսկզբունքային մարդկանց թուլություն: Նրանց երբեմն նույնիսկ համեմատում են ավանակի հետ: Իրականում համբերությունը բնորոշ է բարեկիրթ, հավասարակշռված մարդկանց, ինչպես նաև՝ հոգևոր ծառայության ոլորտում ներգրավվածներին: Հին հայկական մի հեքիաթում իմաստունը հեքիաթի հերոսին 3 խորհուրդ է տալիս, որոնցից 3-րդը վերաբերում է համբերությանը և ձևակերպված է այսպես. «Երբ ինչ-որ բան կուզենաս անել, մի քիչ համբերիր՝ թող լուսանա, նոր»: Տուն վերադառնալիս գիշեր է լինում և հեքիաթի հերոսն իր տան տանիքին պառկած լսում է տղամարդու ձայն: Ուզում է ներս մտնել ու սպանել նրան, սակայն իմաստունի խորհուրդը հաշվի առնելով՝ զսպում է բարկությունը, համբերում է միչև լուսաբաց և պարզում, որ այդ տղամարդն իր որդին է: Հին արևելյան առակներում իմաստունները, մեծ ուսուցիչները բարկությունը համարում են մարդկային արատ, փոքր մարդկանց բնորոշ հատկություն: Եվ հորդորում են չբարկանալ, չվրդովվել, այլ մեծահոգությամբ վերաբերվել այն մարդկանց, որոնք անգիտակցաբար սխալներ են թույլ տալիս: Իսկ նրանց սխալներն ուղղելու համար բացատրելով, խորհուրդներով կրթել, դաստիարակել և ճիշտ ճանապարհի վրա դնել: Համբերությունը չի պահանջում հրաժարում զգացմունքներից և հույզերից, ինչպես նաև չի պահանջում զսպել զգացմունքները: Զգացմունքները զսպելը կարող է աղավաղել մարդկային նկարագիրը, արմատացնել մի շարք հոգեբանական բարդույթներ և մի շարք հիվանդություններ առաջացնել: Սակայն բարկությունը զգացմունք չէ, այլ մահացու մեղք, որից պետք է հնրավորինս ձեռնպահ մնալ: Այսպիսով, համբերությունը վերաբերվում է միայն բարկությունը, չարացածությունը զսպելուն, քանի որ մարդկանց սխալների պատճառով բարկանալը չարացնում է թե բարկացողին և թե բարկության թիրախում հայտնվածին՝ անկախ այն բանից, թե դրանից հետո ուղղվում է սխալը, թե ոչ: Իսկ հանգամանալից և մեծահոգաբար բացատրական, կրթական վերաբերմունքի արդյունքում մարդը հասկանում է իր սխալը: Եթե դրանից հետո չի ուղղում, ապա պետք է փոխել բացատրելու, կրթելու մեթոդը և կրկին փորձել բացատրել, մինչև կհասկանա և կուղղվի: Համբերությունը նաև հանդուրժողականության հիմքն է: Եվ այն շատ կարևոր է ժողովրդավարական ազատ հասարակության պահպանման համար, քանի որ խոսքի, խղճի ազատությունները ինքնին պահանջում են հանդուրժողական վերաբերմունք քաղաքացիների ընտրության, իրավունքների հանդեպ: Այս առումով բարկությունը հանդիսանում է ժողովրդավարական հասարակության թշնամի: Այնպես որ, բարկությունը ոչ միայն մահացու մեղք է և ապականում է մարդկանց հոգիները, այլև սոցիալական չարիք, որը կարող է քանդել հասարակության հիմքերը և կործանել պետությունը, որը նոր-նոր ուզում է ուղիղ քայլել: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր