211652_close_icon
views-count7782 դիտում article-date 16:03 22-09-2015

Ինչպես է փլատակի վերածվել սնանկացած գործարարի 5 միլիոն դոլարանոց ադամանդի մշակման գործարանը

Գործարար Փայլակ Հայրապետյանի՝ 5 միլիոն դոլար արժեցած ադամանդի գործարանը այսօր փլատակների է վերածված։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Փայլակ Հայրապետյանը: Նա նշեց, որ գործարանը ոտքի կանգնեցնելու համար 5 միլիարդ դոլար է ծախսել մինչեւ օֆշորի սկանդալը։ Ավելին, նաեւ այդտեղ ուսումնական կենտրոն պետք է լիներ, որի համար արդեն լիցենզիա էր ստացել եւ մի շարք պայմանավորվածություններ՝ արտասահմանի հետ, սակայն իրեն խաբելուց եւ սնանկացնելուց հետո բանկը այն արգելանքի տակ է դրել եւ չնչին գներով վաճառել թուրքահայ մի գործարարի։ Այդ շինությունը քանդել են եւ դեռ տեղում ոչինչ չի կառուցվել։ «Սարքավորումները կան, բայց ես առանց հիմնարկության, աշխատողների եւ սնանկ վիճակում ի՞նչ անեմ»,- ավելացրեց նա։ Ավելի վաղ Փ. Հայրապետյանը պատմել էր, որ իր դեմ իրականացված խարդախության սցենարը սկսել էր գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել էր Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փ. Հայրապետյանը նշել էր, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել էր, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Այդ պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք էր դրված եւ նա չէր կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված էր «օֆշորային գործում»։ ՀՀ ոստիկանությունը Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով: Քննչական գործողությունները շարունակվում են:

Նմանատիպ նյութեր