211652_close_icon

Ա՜յ քեզ բան. ոչ մաքրում եք, ոչ էլ տուգանում

views-count3414 դիտում article-date 19:00 20-09-2015
Վրաստանում փողոցն աղտոտողին տուգանում են, Թուրքիայում փողոցում նետված աղբն արագ հավաքում են ու չեն տուգանում, իսկ Հայաստանում ոչ մաքրում են, ոչ էլ տուգանում: Ստացվում է, որ հարևան երկրները քաղաքի մաքրության նկատմամբ էապես տարբեր մոտեցումներ ունեն: Դա լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, եթե մի օր բացվեն սահմանները և տարածաշրջանային տնտեսական և մշակութային մեծ նախագծեր իրագործվեն: Ուստի հասարակությունների մշակութային այս տարբերությունը լուրջ ուսումնասիրվում է մշակութաբանների, սոցիոլոգների կողմից: Նախորդ դարի պատմությանն անդրադարձ կատարելիս կարելի է նկատել, որ տուգանքի միջոցով մաքրություն և կարգուկանոն հաստատելու գործիքից առաջինը հրաժարվել են Եվրամիության երկրները: Առաջինն այն կիրառվել է Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, հետո և այլ երկրներում: Տուգանքը համարվեց ոչ արդյունավետ գործիք, որովհետև տուգանվողների մեծ մասը տարբեր սոցիալական և բարոյական պատճառներով խուսափել են վճարելուց: Այդյունքում տուգանք պահանջող իշխանությունները հայտնվում էին հիմար վիճակում: Քաղաքացիներին տուգանելու գործիքից հրաժարվելու մյուս պատճառը մարդու նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունն էր, մարդու իրավունքների հարգումը, մարդակենտրոն հասարակություն կառուցելու իդեալը: Սոցիոլոգները նշում են, որ շրջակա միջավայրի մաքրության պահպանման առաջնահերթությունը մեծ նշանակություն ունի մարդու երջանկության համար: Իսկ եվրոպական երկրներն անցյալ դարում երջանկության ցուցիչով հետ էին մնում լատինամերիկյան և հնդկաբնակ երկրներից, չնայած կենսամակարդակի ցուցանիշներով շատ առաջ էին: Նաև այդ պատճառով եվրոպացիները հրաժարվեցին տուգանքներ կիրառելուց, որոնք բյուջե չնչին ներդրում էին ապահովում, բայց հասարակական մեծ դժգոհություններ առաջացնում: Պարզ է, որ Թուրքիան կիրառում է եվրոպական փորձը, քանի որ ձգտում է եվրոպական ընտանիքի անդամ դառնալ: Տուգանքը՝ որպես շրջակա միջավայրի մաքրության գործիք, լայնորեն կիրառվում է կայացող կամ անցումային շրջանի երկրներում և բռնապետություններում: Վրաստանը դեռ խորհրդային բռնապետության իներցիայի մեջ է և դեռ չի հաղթահարել անցումային դժվարությունները: Վրաստանի իշխանությունները, հավանաբար, կարծում են, որ մարդիկ փողոցում աղտոտում են՝ ի նշան իշխանությունների դեմ բողոքի: Այդպես մտածում են բռնապետները և որպես վրեժ՝ տուգանում են մարդկանց: Հայաստանում անհասկանալի է: Հասարակական վայրերում մանր խախտում կատարելը կամ աղտոտելը չի ենթարկվում ոչ քննադատության, ոչ տուգանքի: Այս առումով ավելի մոտ ենք եվրոպական երկրների օրինակին: Կարելի՞ է ասել, որ եվրաինտեգրացիայի առումով առաջ ենք վրացիներից: Այսինքն՝ ավելի քաղաքակի՞րթ ենք, քան վրացիները: Ապա ինչո՞ւ մաքրության առումով շատ հեռու ենք քաղաքակիրթ երկրներից, իսկ երջանկության ազգային համախառն ցուցիչով գտնվում ենք երկրների ցանկի վերջին հորիզոնականում: [b]Թաթուլ Մկրտչյան [/b]

Նմանատիպ նյութեր