211652_close_icon
views-count775 դիտում article-date 14:15 12-09-2015

Համաժողովը միավորել էր Հայաստանի, Արցախի և Սփյուռքի սրտաբաններին

Սրտաբանության եվրակովկասյան երկօրյա համաժողովը միավորեց շուրջ 300 սրտաբան Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը, ողջունելով սրտաբանության ոլորտի Հայաստանի, Արցախի և Եվրոպայի առաջատար մասնագետներին, նշեց, որ ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում ոչ վարակիչ հիվանդությունների դեմ ուղղված բազմաթիվ ծրագրեր են իրականացվում: Մեր երկրում բնակչության մահացության 80%-ը պայմանավորված է 3 առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններով, որոնց թվում առաջին տեղում արյան շրջանառության համակարգի հիվանդություններն են և կազմում են 48%։ Անդրադառնալով Հայաստանի և Սփյուռքի սրտաբանների համագործակցությանը` նախարարը բարձր գնահատեց ամերիկահայ ճանաչված սրտաբան-վիրաբույժ Հրայր Հովակիմյանի կատարած աշխատանքը: Հայրենիքում իր մասնագիտական գործունեությունը սկսելով նորանկախ Հայաստանի համար դժվարին ժամանակաշրջանում` 1993թ., Հրայր Հովակիմյանը մայր հայրենիքի նկատմամբ անսահման սերն ապացուցեց լրջագույն ծրագրերով։ «Հրայր Հովակիմյանը լուրջ ներդրում ունեցավ Հայաստանում ինվազիվ սրտաբանության զարգացման գործում»,- նշեց Արմեն Մուրադյանը: Նա ուրախությամբ փաստեց, որ 2015թ. հունվարի 1-ից մեր երկրում հաջողությամբ իրականացվում է հանրապետության նախագահի նախընտրական ծրագրի դրույթ հանդիսացող սրտի անհետաձգելի վիրահատությունների` Stent for life կյանք փրկող ծրագիրը: Ծրագրի իրականացմանը մասնագիտական աջակցությունն են բերել մեր հայրենակից սրտաբաններ Բագրատ Ալեքյանը, Հրայր Հովակիմյանը, Ավետիս Մատիկյանը, այլք: Նախարարը հայտնեց, որ այս տարվա հուլիսին ՀՀ կառավարությունը կրկնապատկեց ծրագրի իրականացմանն ուղղված ֆինանսական միջոցները: Արմեն Մուրադյանն անդրադարձավ նաև սրտանոթային հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և մահացության դեպքերը նվազեցնելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող կանխարգելիչ ծրագրերին։ Նշեց, որ այս տարվա հունվարի 1-ից առաջին անգամ մեկնարկել են երեք ուղղություններով ընթացող լայնածավալ սկրինինգային ծրագրեր: Նա կարևորեց, որ ՀՀ առողջապահության նախարարության կողմից վարվող քաղաքականության մեջ իրենց կարևոր տեղն ունեն հանրային առողջապահական ծրագրերը: Եզրափակելով խոսքը` Արմեն Մուրադյանը համաժողովի մասնակիցներին մաղթեց ընտանեկան ջերմություն և նորանոր հաջողություններ: ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշեց, որ միջացառումը հնարավորություն է ընձեռում ամփոփել ձեռքբերումներն ու համագործակցության արդյունքները: «Հայստանում ունենք հզոր սրտաբանական դպրոց, որի հիմքը դրեցին Սփյուռքի սրտաբանները»,- ընդգծեց նախարարը` ավելացնելով, որ արտերկրում բնակվող հայ սրտաբանների շարքում իր ուրույն տեղն ունի ՌԴ բժշկական գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, ճանաչված մասնագետ Բագրատ Ալեքյանը: Հրանուշ Հակոբյանի գնահատմամբ` համաժողովի անցկացումը կարևորվում է նոր ծրագրեր կյանքի կոչելու, համագործակցության շրջանակներն ընդլայնելու տեսանկյունից: Նա ՀՀ նախագահի հրամանով Հայաստանի Հանրապետության առողջապահության, բժշկագիտության զարգացման գործում մատուցած ծառայությունների, բարձր մասնագիտական, գործնական աշխատանքի, ինչպես նաև նշանակալի բարեգործական գործունեության համար ֆրանսիահայ սրտաբան-վիրաբույժ Ավետիս Մատիկյանին փոխանցեց «Մխիթար Հերացու» մեդալը: «Այս պարգևը պետական գնահատական է մեր սրտաբաններին, ովքեր իրականում շատ մեծ սիրտ ունեն»,- ասաց Սփյուռքի նախարարը` հավելելով, որ բժշկի աշխատանքն ամենաթանկն է և հենց նրանց է հաջողվում մարդկանց պարգևել երկրորդ կյանք: Առանձնակի կարևորվեց, որ Հայաստանի սրտաբանները վերջին տարիներին բուժօգնություն են ցուցաբերել Հայաստան եկած 60-ից ավելի սիրիահայերի: Նշենք, որ 1993թ. ստեղծված, ֆրանսիահայ սրտաբան-վիրաբույժ Ավետիս Մատիկյանի ղեկավարությամբ գործող «Ակցիա առողջություն Հայաստան-Ֆրանսիա» կազմակերպությունը ՀՀ սփյուռքի նախարարության հետ 2009թ. սկսած Երևանում երկու տարին մեկ կազմակերպում է Սրտաբանների եվրակովկասյան համաժողովը, որի նպատակն է համախմբել աշխարհի հայ սրտաբանների ներուժը` ի նպաստ մեր երկրի բնակչության առողջության պահպանման և բժշկագիտության զարգացման:

Նմանատիպ նյութեր