«Հոգևոր Հայաստան» համահայկական համաժողովը միավորել է մտավորականներին
Կոմպոզիտորների միությունում բացվել է «Հոգևոր Հայաստան» համահայկական հիմնադիր համաժողովը, որին մասնակցում են հասարակական գործիչներ, կոմպոզիտորներ, պատմաբաններ, մտավորականներ, քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Համաժողովը մեկնարկել է Սայաթ Նովայի «Աշխարհումս ախ չիմ քաշի» երգի կատարմամբ, այնուհետև ելույթ է ունեցել դրամատուրգ Խաչիկ Չալիկյանը:
«Վահան Տերյանը նման մի միտք է ձևակերպել, որ շատ են մտավորականության մեղքերը, բայց այսօրվա մեղքը կարող է վերջինը լինելը և նա համախմբման կոչ էր արել: Փաստորեն այսօր հավաքվել ենք նույն կոչի շուրջ: Վիճակը ծայրահեղ է, օրհասական, սակայն յուրաքանչյուր պրոբլեմ իր լուծումն ունի»,- ասաց Չալիկյանն ու ներկայացեց «Հոգևոր Հայաստանի» օրակարգը:
Չալիկյանի ձևակերպմամբ՝ համաժողովին հռչակվելու է նոր մտավորականության հայտնությունը, որը տեր է կանգնելու իր խոսքին և ներկայացվելու է «Հոգևոր Հայաստանի» անհրաժեշտության հիմնավորումը, փորձ է արվելու ներկայացել տեսլականներն ու անելիքները. «Սա վերաբերում է ոչ միայն դահլիճում ներկա գտնվողերին, այլ ողջ հայությանը, երկիրը վերածնելը ողջ հայության խնդիրն է, որովհետև մեր փրկության և անվտանգության միակ երաշխիքը համայն հայության միասնությունն է»:
Այնուհետև ելույթ ունեցավ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը. «Այս ծրագիրն իմ սրտին մոտ է: Մենք հաճախ անցնում ենք ընդվզումների միջով, լուրջ ցավերի միջով, Աստծո տված չարչարանքից ավելի ցավի միջով, և ինչքան շատ են դրանք մեր շուրջ: Երբեմն, դրա հետ ու արդյունքում գոյանում է չարությունը, որն իմ խորին համոզմամբ, հազիվ, թե մեզ իսկապես առաջնորդող հանդիսանա, քանի որ մենք՝ հայերս, աստվածատուր ժողովուրդ ենք և մեր ճակատագիրն ու ճանապարհն անցել է խոնարումով, համբերությամբ, և երբ այդ հիմքի վրա գոյանում է «հոգևոր Հայաստան» արտահայտությունը, ես ասում եմ՝ այո՛, սրա անհրաժեշտությունը կա»,–ասաց նա: