2161 դիտում
19:00 12-09-2015
Սովորե՛ք, որ մարդ դառնաք
Տնտեսական խորացող ճգնաժամը, գործազրկության սարսափելի ծավալները, հասարակության ընկճվածությունը, արտագաղթն ու մշակութային հետընթացը կրթությունը դարձրել են առարկայորեն անկարևոր: Սովորողների մեծ մասը կրթությանը վերաբերվում է որպես մի կտոր հաց վաստակելու նախապայման, իսկ փոքրամասնությունը՝ որպես կոռուպցիոն ճանապարհով պաշտոն ստանալու գործիք: Այս առումով կրթությունը իրական ճգնաժամի մեջ է:
Կրթության ճգնաժամի և հետամնացության վերաբերյալ բողոքներ ու տրտունջներ ունեն գրեթե բոլորը: Ծնողը հանդիմանում է ուսուցչին վատ սովորեցնելու մեջ, նախարարին՝ կրթությունը վատ կազմակերպելու: Ուսուցիչը մեղադրում է աշակերտին ծուլության մեջ, ծնողին՝ երեխայի նկատմամբ անտարբերության: Սակայն այս փոխադարձ և անարձագանք մեղադրանքները ընդամենը հեղինակազրկում են հասցեատերերին և ավելի խորացնում առկա ճգնաժամը:
Լուսավորչական շարժման տեսաբանները ժամանակին կարծում էին, որ «ամենայն չարիք գալիս է տգիտությունից, եւ երեխան պետք է սովորի, որ մարդ դառնա»: Ներկայում «Մարդ դառնալու» նպատակը երկրորդվել է: Կրթությունը դարձել է բիզնես, իսկ սովորողները՝ այդ բիզնեսի շարքային սպառողները: Այս ահավոր այլասերման ընթացքն ուսումնասիրող մշակութաբանները առանձնացնում են երկու պատճառ:
Առաջին պատճառը հասարակության համընդհանուր ընկճվածությունն է, որն առաջ է եկել՝ ինքնադրսևորվելու հավասար հնարավորությունների բացակայության և համատարած անարդարությունների հետ պարբերաբար բախվելիս, իսկ երկրորդը՝ արժեքաբանական քաոսն է, որն ստեղծվել է մի կողմից՝ նախապետական, մյուս կողմից՝ քաղաքակիրթ հանրույթների բախումից: Նախապետական մշակութային ավանդույթներ կրող մարդիկ, առաջնորդվելով հակաքաղաքակրթական բարքերով, զոռբայությամբ կարգավորում են իրենց առջև ծագած խնդիրները: Իսկ քաղաքակրթական-մարդկային արժեքներով առաջնորդվողները, իրենց իրավունքները պաշտպանելով, փորձում են կյանքի կոչել թղթին գրված օրենքներն ու հռչակված համամարդկային արժեքները: Առաջին խումբը կոռուպցիայի և ապօրինությունների հիմնական շարժիչն է և մեծամասնություն է կազմում, իսկ երկրորդները՝ քիչ են, անվստահ, չունեն հանրային աջակցություն, և պայքարելով ընդամենը ակնառու են դարձնում ճգնաժամն ու հետընթացը:
Անհիմն հարստացած տգետները կրթությունը երբեմն ենթարկում են ծաղրի՝ ձգտելով հաղթահարել տգետի թերարժեքության բարդույթը: Ահավոր է նաև այն, որ սովորողները որպես անհաղթահարելի խոչընդոտ են ընդունում տգետների հաջողության և հասարակական անարդարությունների մասին ժողովրդական չափազանցված պատկերացումները և կամովին սահմանափակում իրենք իրենց առաջադիմությունն ու նախաձեռնությունները: Արդյունքում սովորողների մեծ մասը հանգում է թյուր եզրակացության, թե՝ կրթությունն իր հրաշագործ ուժը կորցրել է, անկարևոր է, լուրջ չի սովորում և նմանվում դասալիքների:
[b]Թաթուլ Մկրտչյան
[/b]
Նմանատիպ նյութեր
2263 դիտում
18:00 19-07-2016
Պետք է դառնաք համահայկական շարժման մաս
1620 դիտում
16:20 31-05-2017
«Մենք ուզում ենք, որ դուք մարզերում դառնաք մեր ծրագրերի իրականացման առաջատարները». Լևոն Ալթունյան
Այս բաժնից
802 դիտում
15:03 16-01-2025
Սևանի թերակղզու տարածքում ապօրինի ձկնորսության դեպք է բացահայտվել
1525 դիտում
14:14 16-01-2025
Սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա