211652_close_icon
views-count2266 դիտում article-date 18:00 19-07-2016

Պետք է դառնաք համահայկական շարժման մաս

Հուլիսի 19-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց հալեպահայ ազգային գործիչ, բժիշկ, Քուվեյթի հայկական դպրոցի նորանշանակ տնօրեն Ներսես Սարգիսյանին և նույն դպրոցի փոխտնօրեն Կարո Ասլանյանին: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ սփյուռքի նախարարը հետաքրքրվեց Սիրիայի ներկա իրավիճակով, Հալեպի հայկական համայնքի խնդիրներով, մտադրություններով: Քննարկվեցին համայնքային հարցեր, ինչպես նաև՝ անհրաժեշտության դեպքում Հալեպից դուրս գալ ցանկացող մեր հայրենակիցներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունները: Նախարարն ուշադրությամբ լսեց Քուվեյթի համայնքային, կրթական հարցերի, հաջողությունների մասին, ուրախությամբ արձանագրեց, որ Քուվեյթի համայնքը փայլուն համայնք է, հայոց լեզվի պահպանման, մասնագիտական կրթության, ազգային ինքնության, մշակույթի պահպանման հարցերը բավականին բարձր մակարդակի վրա են դրված: Բայց հավելեց, որ համայնքի կապը Հայաստանի, մասնավորապես Սփյուռքի նախարարության հետ, մյուս համայնքների հետ համեմատությամբ, ավելի թույլ է: Նախարարը կարևորեց համայնքի մասնակցությունը համահայկական շարժմանը, կոչ արեց մասնագիտական խմբեր ստեղծել, մասնակցել լրագրողների, իրավաբանների, բժիշկների, ճարտարապետների և նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվող մասնագիտական համաժողովներին, ինչպես նաև նախարարության կարևոր ծրագրերին՝ «Սփյուռք» ամառային դպրոցի դասընթացներին, «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրին և «Իմ Հայաստան» փառատոնին: Նա մասնավորապես նշեց. «Դիմում եմ ձեզ, քանի որ դպրոցն է համայնքի սիրտը, ոգևորեք, ավելի ակտիվացրեք, ավելի ամրացրեք կապը, աշխուժացրեք Հայաստան-Սփյուռք, Սփյուռք-Սփյուռք գործակցությունը, որ շաղախվեք ամբողջ հայկական սփյուռքի հետ: «Պետք է դառնաք համահայկական շարժման մասը, սա իմ խնդրանքն է ձեզ: Մենք սիրով ձեզ սպասում ենք և պատրաստ ենք բոլոր հարցերով օգտակար լինել»:

Նմանատիպ նյութեր