Կովկասյան տարածաշրջանում Ադրբեջանը մանկական մահացության ամենաբարձր ցուցանիշն ունի. UNICEF
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և UNICEF-ը հրապարակել են աշխարհում մանկական մահացության վերաբերյալ հետազոտության արդյունքներն ամփոփող զեկույց:
Ըստ զեկույցի՝ վերջին 25 տարիներին մինչև 5 տարեկանների շրջանում մահացության դեպքերը կիսով չափ կրճատվել են: 25 տարի առաջ այն կազմում էր տարեկան 12,7 մլն, իսկ այս տարի սպասվում է, որ այդ ցուցանիշը կլինի 6 մլն:
Ինչպես նշում է ադրբեջանական Turan գործակալությունը, դա չի վերաբերում Ադրբեջանին: Այդ երկրում 1990 թ-ի համեմատությամբ մանկական մահացությունը կրճատվել է 105 հազարից մինչև 52 հազար, սակայն դա Հարավային Կովկասում ամենավատ ցուցանիշն է:
Վարկանշային աղյուսակում Ադրբեջանը զբաղեցնում է 32-րդ, Վրաստանը՝ 12-րդ, իսկ Հայաստանը՝ 14-րդ տեղը:
Ադրբեջանը նորածինների մահացության դեպքերի կրճատումով աղյուսակում իր դիրքը կբարելավի 2030 թվականից ոչ շուտ: Այդ առումով հետխորհրդային երկրներում էլ ավելի վատ դրություն է Տաջիկստանում, Թուրքմենստանում և Ուզբեկստանում:


