211652_close_icon
views-count47052 դիտում article-date 07:34 25-08-2015

Արտակարգ վթար Արմավիրի մարզում. Մոլդովայի քաղաքացիները Mercedes-ով հայտնվել են ջրանցքում. գյուղացիները նրանց անվանում էին «Джентельмены удачи». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` օգոստոսի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:30-ի սահմաններում Mercedes E220 մակնիշի 34 QZ 087 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Էջմիածին-Տարոնիկ ավտոճանապարհի 14-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով` հայտնվել ջրանցքում: Ինչպես նշված վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է Վաղարշապատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-րդ դասակի աշխատակիցները` վաշտի հրամանատարի տեղակալ Յուրա Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաև Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Արմավիրի մարզային փրկարարական վարչության թիվ 31 հրշեջ-փրկարարական ջոկատը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով` ավտոմեքենայում եղել են Մոլդովայի Հանրապետության քաղաքացիներ` 26-ամյա Վասիլ Պրեյդան, 23-ամյա Միխայել Ռաբուկան, 27-ամյա Վասիլի Մինիվան: Ըստ տեղեկությունների` ավտոմեքենան վարել է Վ. Պրեյդան: Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին. «Արտում գյուղատնտեսական աշխատանքներով էինք զբաղված, մեկ էլ` ուժեղ թփոց լսեցինք, նայենք, տեսնենք` ճանապարհին թոզ ու դուման, մոտիկացանք, տեսնենք` 3 երիտասարդ տղա ցեխաջրից դուրս էին եկել: Մեզ թվաց, թե նկարահանում են հայկական «Джентельмены удачи» ֆիլմը, էն էլ պարզվեց` ինչ կինո. իրանք են ընկել կինոյի գիրկը, լրիվ դառել էին կինոյի տղա»: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարկան կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղից դեպքի վայր է ժամանել քննիչը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայր ժամանած վերամբարձ կռունկի միջոցով փրկարարների, ճանապարհային ոստիկանների և գյուղացիների օգնությամբ ավտոմեքենան դուրս բերվեց ջրանցքից, որի մեջ լցված էր հագուստ, կենցաղային պարագաներ, իսկ նրաց համար վթարի վայր ժամանած մարդիկ ասում էին, որ վարորդն ու ուղևորները զբաղվում են առևտրով: Գյուղացիները նաև պնդում էին, որ վթարի պատճառը ոչ միայն վարորդի կողմից արագության գերազանցումն է, այլ նաև այն, որ Արմավիրի մարզպետարանը տարիներ շարունակ խոստացել է, որ գյուղամիջյան այդ հատվածներում կտեղադրվեն երթևեկությունը կարգավորող համապատասխան նշաններ, սակայն ստացվում է որ նրանք «օդ են կրակում»: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 142+
142+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր