Անգլիայի առաջնություն. Պեդրոյի փայլուն նորամուտը «Չելսիի» կազմում. տեսանյութ
Անգլիայի առաջնության 3-րդ տուրում իսկական ներկայացում տվեցին «Վեսթ Բրոմվիչն» ու «Չելսին»:
Երկու թիմերն էլ բաց, հարձակողական ֆուտբոլ էին ցուցադրում: Տանտերերը արդեն 14-րդ րոպեին 11 մ. հարվածի իրավունք ստացան, սակայն «Չելսիի» դարպասապահ Տիբո Կուրտուան կարողացավ ետ մղել հարվածը:
20-րդ րոպեին «Չելսիի» կազմում իր նորամուտը նշող նախկին «բարսելոնցի» Պեդրոն բացեց հաշիվը, իսկ 30-րդ րոպեին նրա փոխանցումից հետո Կոստան կրկնապատկեց այն: Մինչև ընդմիջում թիմերը մեկական գնդակ փոխանակեցին՝ 1:3:
2-րդ խաղակեսի 54-րդ րոպեին վերջին հույսի խախտման համար մրցավարը դաշտից հեռացրեց «Չելսիի» ավագ Ջոն Թերիին: Շուտով «Վեսթ Բրոմվիչը» կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն «Չելսին» մեծ դժվարությամբ կարողացավ պահպանել հաղթական հաշիվը: Բոլոր դեպքերում, պետք է առանձնահատուկ նշել Պեդրոյին, որը հիանալի հանդիպում անցկացրեց:
Տուրի մեկ այլ կարևոր խաղում «Մանչեսթեր Սիթին» արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց «Էվերթոնին» և շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը: