Կոտայքի մարզում գործող «Աղազոր» ռեստորանում տեղի ունեցավ «Նարեկ» ծերանոցում բնակվող 64-ամյա Հակոբի և 54-ամյա Ջեմայի հարսանեկան արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` օգոստոսի 11-ին, Կոտայքի մարզում գործող «Աղազոր» ռեստորանային համալիրում էին հավաքվել «Սաթենիկ» բարեգործական հասարակական կազմակերպության «Նարեկ» ծերանոցի 2 տասնյակից ավելի բնակիչներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռեստորանային համալիրի տնօրեն Մացակ Թևոսյանը տեղեկություն էր ստացել, որ 1999-ից գործող «Նարեկ» ծերանոցի տնօրեն Շողիկ Միքայելյանը ցանկանում է կազմակերպել հերթական` ծերանցում բնակվող կնոջ և տղամարդու հարսանիքը:
Հարսանիքի ողջ արարողակարգը իր վրա է վերցնում Մ. Թևոսյանը և ռեստորանի մենեջեր Նազիկ Միրզոյանի գլխավորությամբ իրենց ռեստորան են հրավիրում ծերանոցի տնօրենին ու ողջ անձնակազմին:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ռեստորան հարսնաքավորները ժամանեցին տաքսիներով, որտեղ նախ` ավանդույթի համաձայն, հարսի` 52-ամյա տիկին Ջեմայի գլխին անցկացվեց հարսանեկան քողը, որից հետո փեսան` 69-ամյա պարոն Հակոբը ողջագուրվեց հարսի հետ և կոտրելով ափսեները` մտան բացօթյա բակ` տեղադրված սեղանի շուրջ:
Մինչ ծերանոցի տնօրեն Շ. Միքայելյանը նորապսակներին կցանկանար մի բարձի ծերանալ ու բարի բախտ, ռեստորանի տնօրենի երեխաները անակնկալ էին պատրաստել. նորապսակներին հանձնեցին նվերներ, հարսանիքի մասնակից` ծերանոցի բնակիչներին` ծաղիկներ, որից հետո հնչեց զուռնա դհոլը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում ծերանոցի տնօրենը ասում էր. «Ցանկալի է, որ ծերանոցներ ընդհանրապես չլինեն, բայց եթե լինեն, թող այսպիսի հարսանիքները հաճախակի լինեն և թե' իմ, թե' ծերանոցի ողջ անձնակազմի և բնակիչների անունից խորին շնորհակալությունս եմ հայտնում «Աղազոր» ռեստորանային համալիրի տնօրինությանը, ովքեր միշտ անշահախնդիր հովանավորել են մեր միջոցառումները» :
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի