211652_close_icon
views-count7468 դիտում article-date 20:09 08-08-2015

Արփինե Դալալյանը չեմպիոնական վերջակետ դրեց Եվրոպայի ծանրամարտի առաջնությունում

Շվեդիայի Լանդսկրոնա քաղաքում ավարտվեց մինչև 15 և մինչև 17 տարեկան աղջիկների ու պատանիների Եվրոպայի առաջնությունը, որտեղ փայլուն հանդես եկան Հայաստանի ներկայացուցիչները: Նախ, մինչև 17 տարեկան պատանիների 94 կգ քաշային կարգում Սարգիս Կիրակոսյանը երկամարտի 305 (138+167) կգ արդյունքով դարձավ Եվրոպայի չեմպիոն: Ընդ որում՝ հրում վարժության երրորդ մոտեցումից հրաժարվեց, քանի որ արդեն ամեն ինչ պարզ էր: Արծաթե ու բրոնզե մեդալների երկամարտի 300 և 296 կիլոգրամներով համապատասխանաբար արժանացան ռուս Դմիտրի Չերնիշովն ու իտալացի Մատեո Կուրկուրուտոն: Այս քաշային կարգում մեդալի լուրջ հավակնորդ էր համարվում նաև Հայաստանի երկրորդ ներկայացուցիչը՝ Գրիգոր Գրիգորյանը, սակայն նա պոկում վարժության ժամանակ վնասեց ձեռքը և դուրս մնաց հետագա պայքարից: Արդեն տեղեկացրել էինք, որ երեկ մինչև 15 տարեկան աղջիկների +69 կգ քաշային կարգում չեմպիոնի կոչման է արժանացել Աիդա Մանուկյանը: Իսկ ահա Սոնա Պողոսյանը երկամարտի 206 կգ արդյունքով արծաթե մեդալի է արժանացել մինչև 17 տարեկան աղջիկների 69 կգ քաշային կարգում: Մեկ բրոնզե մեդալի էլ արժանացել է մինչև 17 տարեկան պատանիների 85 կգ քաշային կարգում հանդես եկած Արսեն Մարտիրոսյանը: Իսկ մեր պատանի ծանրամարտիկների փառահեղ մրցելույթների վերջակետը դրեց Արփինե Դալալյանը, որը քիչ առաջ մինչև 17 տարեկան աղջիկների +69 կգ քաշային կարգում երկամարտի 203 կգ արդյունքով հռչակվեց Եվրոպայի չեմպիոնուհի: Արփինեն պոկեց 84 և հրեց 119 կիլոգրամ: Սա Լանդսկրոնայում Հայաստանի պատվիրակության 6-րդ ոսկե մեդալն էր: Հայ ծանրորդները նվաճեցին նաև չորս արծաթե և մեկ բրոնզե մեդալ: Նշենք, որ տղաները Լանդսկրոնայում հանդես էին գալիս Էդուարդ Կիզողյանի, որին օգնում էր Երվանդ Կիրակոսյանը, իսկ աղջիկները՝ Արման Ղազարյանի գլխավորությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր