Խորխե Վալդանո. Մարադոնան և Մեսին նման են իրար, բայց Դիեգոն աստվածատուր վրիժառու է. տեսանյութ
Մադրիդի «Ռեալի» նախկին տնօրեն, Արգենտինայի հավաքականի նախկին հարձակվող Խորխե Վալդանոն զուգահեռներ է անցկացրել արգենտինական ֆուտբոլի երկու լեգենդների՝ Դիեգո Մարադոնայի և Լիոնել Մեսիի միջև՝ ընդգծելով, որ տաղանդի հարցում նրանք հավասար են:
«1986 թվականին Մարադոնան նվաճեց ավելին, քան՝ աշխարհի առաջնությունն էր: Մարդիկ ավելի շատ հիշում են քառորդ եզրափակիչում Անգլիայի հավաքականի հետ մեր խաղը, քան՝ եզրափակիչը:
Անգլիացիների հետ խաղը բոլորովին այլ նշանակություն ուներ և Մարադոնան ազգի հերոս դարձավ: Նա դարձավ յուրատեսակ աստվածատուր վրիժառու՝ 1982-ին Անգլիայի հետ պատերազմում մեր երկրի պարտության համար:
Արդյունքում զգացմունքային մակարդակի վրա մարդկանց մոտ համոզմունք առաջացավ, որ Դիեգոն անպարտելի է, թեպետ նա Մեսիի հետ նույն տաղանդն ունի», ասել է Վալդանոն:
Նշենք, որ 1986թ. աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչ խաղում՝ Անգլիայի հետ, Մարադոնան խփեց բոլոր ժամանակների ամենասկանդալային և ամենագեղեցիկ համարվող գոլերը: