Ռումինիայի Դումբրավեն քաղաքում անցկացվեց ամենամյա մշակութային փառատոնը
Հուլիսի 24-26-ին Ռումինիայի Դումբրավեն քաղաքում անցկացվեց Դումբրավենի Դասական երաժշտության ազգային փառատոնի 3-րդ թողարկումը:
Դումբրավենի քաղաքապետարանը և Ռումինիայի Հայոց Միության Դումբրավենի մասնաճյուղը` Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանի հովանու ներքո, Տրանսիլվանիայի «հայկական» քաղաքում համախմբեցին դասական երաժշտարվեստի բարձրակարգ խմբերի, անվանի արվեստագետների և մտավորականների:
Փառատոնի շրջանակներում դեսպան Գասպարյանն ապակենտրոնացված մակարդակով կապերը աշխուժացնելու շուրջ խորհրդակցություններ ունեցավ Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեի հետ, վերջինիս փոխանցելով Նոյեմբերյանի քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի շնորհավորական ուղերձը:
Փառատոնի շրջանակներում 300-ամյա հայ կաթողիկե Սբ.Եղիսաբեթ տաճարում հանդես եկան Վիոլոչելիսիմո թավջութակահարների խումբը, «Կախարդական ֆլեյտա» նախագիծը, որը միավորել է դաշնակահար Հորիա Միհայիլին և ֆլեյտահար Իոն Բոգդան Շտեֆանեսկուին, Կլուժ-Նապոկայի ազգային օպերայի Անաթոլիս վոկալ խումբը: Ծրագրի մեջ ընդգրկված էին նաև հայ կոմպոզիտորների գործեր:
Հուլիսի 25-ին Ապաֆի ամրոցում` Տրանսիլվանիայի Հայոց թանգարանում, բացվեցին Ռուբեն Գալիչյանի «Հայացք Հայաստանի պատմությանը քարտեզագրության միջոցով» ցուցահանդեսը, ինչպես նաև ռումին ժամանակակից նկարիչներ Հորեա Կուչերզանի և Լեվենտե Ցատլոսի աշխատանքների ցուցահանդեսը:
Միջոցառումներին ողջույնի և գնահատանքի խոսքերով հանդես եկան դեսպան Համլետ Գասպարյանը, Դումբրավենի քաղաքապետ Ջորջետա Իրիմիեն, կազմակերպիչներից՝ դոկտոր Վասիլե Հաբորը և Բուխարեստի գեղարվեստի համալսարանի պրոֆեսոր Գեորգե Անգելը:
Տեղեկանք: Ռումինիայի Սիբիու նահանգի Դումբրավեն քաղաքը համարվում է Տրանսիլվանիայի «հայկական քաղաքներից» մեկը, ուր հայերը հաստատվել են 17-րդ դարի վերջում և մեծապես նպաստել են քաղաքի զարգացմանը: Այսօր դեռևս կանգուն են հայերի կառուցած եկեղեցիները, դպրոցները, վարչական և թաղական շենքերը: Քաղաքում դեռևս արթուն է հայկական ոգին, չորս տարի առաջ այստեղ բացվեց Տրանսիլվանիայի Հայոց թանգարանը, գործում է «Սուրբ Եղիսաբեթ հայոց միությունը», որի ղեկավարն է անխոնջ Իոն Կալինեսկուն: Ամեն տարի օգոստոսի կեսերին Դումբրավենի Սբ. Եղիսաբեթ հայ կաթոլիկ տաճարում հայկական ծեսով նշվում է Սուրբ Աստվածածնի վերափոխման տոնը, որը հավաքում է ռումինաբնակ հայերին:
Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ, 2012թ. հոկտեմբերին բարեկամության համաձայնագիր է ստորագրվել Դումբրավենի և Նոյեմբերյանի միջև:
[img]/ups/images/0212907001438071691942550.jpg[/img]