Ռումինիայի Տուլչա քաղաքում տեղի են ունեցել հայկական մշակութային միջոցառումներ
Հուլիսի 30-ին Ռումինիայի Տուլչա քաղաքում Էթնիկ ֆիլմերի փառատոնի շրջանակներում Ռումինիայի Հայոց միության կազմակերպմամբ և աջակցությամբ տեղի ունեցան հայկական մշակութային միջոցառումներ:
Միջոցառումների բացման խոսքով հանդես եկավ Տուլչայի նահանգային խորհրդի խորհրդական, Ռումինիայի Հայոց միության Տուլչայի մասնաճյուղի նախագահ Էդուարդ Լուչիան Սիմիոնը:
Միջոցառումների շրջանակներում տեղի ունեցան Ռումինիայում ՀՀ դեսպանորդ Աշոտ Գրիգորյանի հանդիպումները Տուլչայի նահանգային իշխանությունների ներկայացուցիչների հետ:
Էթնիկ ֆիլմերի փառատոնի ընթացքում ցուցադրվեց կանադահայ կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմը, իսկ համերգային ծրագրում ելույթ ունեցավ Գերլա (նախկին Արմենուպոլիս) քաղաքի «Հայաքաղաք» պարի անսամբլը: Նույն օրը Տուլչայի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Կոնստանցայի հոգևոր հովիվ Տեր Օշական քահանա Խաչատրյանի կողմի մատուցվեց պատարագ:
Տեղեկանք: Տուլչան համանուն նահանգի վարչական կենտրոնն է, որը գտնվում է Ռումինիայի սևծովյան Դոբրոջա շրջանում: Տուլչա նահանգն ակտիվորեն համագործակցում է ՀՀ Տավուշի մարզի հետ: